Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը.
- Տիկին Աճեմյան, որտե՞ղ անցկացրեցիք Նոր տարին:
- Տանն ենք անցկացրել` հարազատների հետ. մեզ համար Նոր Տարին սիրված և ընտանեկան տոն է:
- 2014-ին ավելի շատ հիասթափություն, թե՞ ոգևորություն ապրեցիք:
- Գիտեք, երկուսն էլ շատ են եղել, ընդհանրապես, շատ հակասական տարի էր: Անձնական կյանքում մեծ ուրախություն ունեցանք, որովհետև աղջիկս երեխա ունեցավ, իսկ ընդհանուր առմամբ, ես չեմ համարում, որ այն միայն հիասթափությունների և դժվարությունների տարի էր, համարում եմ, որ նաև ձեռքբերումների տարի էր:
- Ո՞րն էր ամենամեծ ձեռքբերումը:
- Ես կարծում եմ ձեռքբերումներից ամենամեծը այն էր, որ հանրապետության նախագահը կարողացավ այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ կարողացանք մինչև տարվա վերջ և՜ լիովին ինտեգրվել, և՜ ամրագրել մեր տեղը ԵՏՄ պետության մեջ` դրան զուգահեռ` չխախտելով եվրամիության հետ մեր պայմանագրերը և պայմանավորվածությունները: Այսինքն` երկկողմանի ճկուն քաղաքականություն վարվեց:
- Լրատվամիջոցների ամենամեծ բլեֆը կամ սուտը:
-Դե գիտեք, լրատվամիջոցներում լինում են և ոչ հավաստի տեղեկություններ, բայց մենք հիմնականում, իհարկե, օգտվում ենք ԶԼՄ-ներից և հույս ունենք, որ նրանցից շատերն իրենց օբյեկտիվությամբ և ակտիվությամբ 2015-ին ավելի աչքի կընկնեն:
- Ի՞նչ նպատակներ ունեք 2015-ին:
- Դրանք աշխատանքային են ավելի շատ . կարծում եմ` ամենակարևորը 2015-ի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպչական աշխատանքներն են, որոնց պետք է մասնակցենք բոլորս` և՜ ԱԺ-ն, և Կառավարությունը, և՜ ցանկացած հայ մարդ:
- Ամանորյա հրաշքներին հավատո՞ւմ եք:
- Այո:
- Եվ ի՞նչ նվեր եք ակնկալում Ձմեռ պապից:
- Ինձ համար այնքան չէ, բայց շատ ուրախանում եմ իմ հարազատների նվերներով: Ես էլ եմ նվիրում . Ճիշտ է` դրանք փոքր, բայց շատ հաճելի անակնկալներ են:
- 2014-ին արդարացվեցի՞ն Ձեր բոլոր սպասելիքները:
- Չէի ասի, որովհետև շատ բողոքներ եղան, ընդվզումներ: Ես ուզում եմ, որ 2015-ին մեր ժողովուրդը ավելի խաղաղ և բարեկեցիկ կյանքով ապրի, քիչ առիթներ լինեն բողոքելու և ընդհանրապես մեր` ՀՀԿ ծրագրերը, որ իրականացվում են, ավելի բարենպաստ պայմաններում իրականացվեն:
- Ձեր բարեմաղթանքը ազգաբնակչությանը:
- Մաղթում եմ ուրախ և երջանիկ տոն: Ցանկանում եմ, որ Սուրբ Ծնունդը դառնա մեր կարևորագույն տոնը, որը խորհուրդ ունի . ցանկանում եմ, որ նոր տարում կորուստներ չունենաք , ունենանք միայն ձեռքբերումներ:
Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը