Հարցազրույց 

Այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն. Մանվել Բադեյան

analitik.am

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն հունվարի 20-ը հայտարարել է սգո և պահանջատիրության օր: Նման պահանջով հանդես եկող նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում անմեղ զոհերի հիշատակը հարգելու կոչ է արել. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը և իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո և պահանջատիրության օր… Ապօրինի և անբարոյական ենք համարում ոստիկանության կողմից սգավոր ժողովրդի մոմավառությանը և խաղաղ հավաքներին խոչընդոտելու փորձերը ինչ-ինչ կցկտուր պատճառաբանություններով և առավել ևս առևանգելն ու բերման ենթարկելը, և հուսով ենք, որ իրավապահ կոչվող մարմինները չեն կրկնի անցած երկու օրերի խիստ անպատվաբեր և ամոթալի այդ գործելակերպը։ Իշխանության ղեկին հայտնված մարդկանց մենք որևէ կոչ չունենք։ Նրանց ցուցաբերած խայտառակ անտարբերությունն ընդունում ենք որպես անկարողության բացահայտ դրսևորում, հետևաբար նաև՝ համապատասխան պաշտոններից ինքնակամ հրաժարական»,-ասված է հայտարարությունում:



Analitik.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանից փորձեց պարզաբանում ստանալ՝ ի՞նչն է պատճառը, որ իշխանությունն ընդառաջ չի գնում հասարակության պահանջին, և առհասարակ, այս օրերին նրա լռությունը կամ անտարբեր պահվածքն ինչո՞վ է պայմանավորված:
Ըստ ՀՀԿ պատգամավորի, հունվարի 20-ը սգո օր հայտարարելու պահանջը արդարացված չէ. «Չեմ համարում դա արդարացված պահանջ. դա մի քանի մարդկանց պահանջ է: Այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն: Այդ մարդիկ ոչ այնքան սգում են, որքան ձգտում են հայ ժողովրդի մեջ բացասական վերաբերմունք ձևավորել ռուսների նկատմամբ: Կարծում եմ, արդարացված է «Հանրապետականների» այդ պահվածքը… Ընդունենք սգո օր է. Ավետիսյաններին, նրա հիշատակին ի՞նչ է տալիս այդ օրը: Դա ընդամենը փորձ է՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, կտրուկ հարցը քաղաքականացնելու, հայ-ռուս ժողովուդների հարաբերությունները փչացնելու, ընդգծված ձևով բացասական վերաբերմունք ձևավորելու: Պատկերացրեք, որ այդ սպանողը հայ լիներ, իրենց այսպես կպահեի՞ն, նման հայտարարություններ կհնչեցնեի՞ն, սգո օր կպահանջեի՞ն, իհարկե՝ ոչ»:

 


Մեր հարցին՝ բոլոր «Հանրապետականնե՞րն» են այդ կարծիքին, պարոն Բադեյանն ասաց. «Չգիտեմ: Իմ կարծիքը սա է: Ես այդ մարդու մեջ, այդ ստահակի, այդ հանցագործի մեջ ազգություն չեմ տեսնում, նա կարող էր ցանկացած ազգից լինել: Նա, իմ կարծիքով, տհաս կամ շեղված մի մարդ է, որովհետև ինչքան էլ հանցագործ լիներ, վեց ամսական երեխայի չէր սպանի»:

 

ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ թե ինչումն է իշխանությունների լռությունը: Իսկ թե, ըստ նրա, ինչո՞ւ վերջիններս ընդառաջ չեն գնում հասարակության պահանջին և սգո օր հայտարարում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքին, ասաց. « Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցին միայն կարող է պատասխանել իշխանության կողմից լիազորված ներկայացուցիչը:Ես ընդամենը կարող եմ ասել, որ սուգը, վիշտը մեր մեջ է, իսկ մենք՝ գյումրեցիներս, ամսի 12-ից սկսած խորը սգի մեջ ենք: Փոքրիկի մահն ավելի ցնցեց մեզ: Թե ինչու չի հայտարարվել սգո օր, ես կգերադասեմ այդ հարցին չպատասխանել, թող իրենք ասեն: Մեծ հաշվով, դա մեր ձեռքը չէ »:

 

Analitik.am-ը պարոն Գրիգորյանից նաև հետաքրքրվեց, թե այսօր հոգեպես ինչ վիճակում են գյումրեցիներն ու Սերյոժա Ավետիսյանի հարազատները:
«Այսօրվա դրությամբ նրանք ավելի շատ են վշտացած, հուզված: Երեխայի մահը վերջին հարվածն էր, բայց ես կոչ եմ անում ավելի հանգիստ լինել, ավելի սթափ դատել և այդ ընտանիքի սուգն ու դժբախտությունը, որքան հնարավոր է, չքաղաքականացնել, այլևայլ նպատակների չծառայեցնել: Լրատվամիջոցներն այսօր շատ գործ ունեն անելու: Դրանցից ամենակարևորն այն է որ ավելորդ ինֆորմացիա չտարածեն, որպեսզի գյումրեցիներն ավելորդ անգամ չբորբոքվեն , մինչև տեսնենք՝ ինչ է լինում վերջը»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Սերյոժայի հարազատներին, զրուցակիս պատմեց. «Երեկ, երբ փոքրիկը դեռ չէր մահացել, հանդիպեցի նրա հարազատների հետ: Ես այդ ժամանակ արդեն տեղյակ էի, որ նրա կյանքին ժամեր են մնացել: Ես նրանց ասացի, որ երեխայի վիճակը վատ է…Բնական է, շատ ծանր էր այդ պահը…Նրանք այս օրերին շատ տանջվեցին, բժիշկների հետ միասին: Գյումրին ու ամբողջ հայ ազգն աղոթեց փոքրիկի համար, որպեսզի նրա վիճակը դեպի լավը գնար, որպեսզի այդ ընտանիքից գոնե մեկը փրկվեր և շարունակեր վառ պահել Ավետիսյանների տան ճրագը…բայց, Աստծո գործերն անքննելի են» :

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից