Հիշում եմ և պահանջում 

Ֆրեզնոյում դրվել է Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմքը

analitik.am

Կենտրոնական հովտի հայերը հատուկ արարողությամբ տվել են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հուշարձանի կառուցման մեկնարկը, գրում է asbarez.com-ը:

 

Կիրակի՝ նոյեմբերի 2-ին, համայնքի հարյուրավոր անդամներ հավաքվել են Ֆրեզնոյի Մեփլ Մոլում, որտեղ հուշարձանի կառուցումն ավարտին կհասցվի մինչ 2015 թվականի ապրիլի 24-ը։ Նոյեմբերի 2-ի իրադարձության գլխավոր հատվածը եղել է Հայաստանից բերված հողակտորների օրհնումը, որոնք այնուհետ ուսանողները դրել են այն հատվածում, որտեղ պետք է կառուցվի ապագա հուշարձանը:

 

Ֆրեզնոյում բնակվող ճարտարապետ Փոլ Հալաջյանի կողմից նախագծված հուշարձանը մարմնավորելու է մշակութային իմաստների խորհրդանիշները հայ ժողովրդի համար: Դրա գլխավոր բաղադրիչները դասավորվելու են շրջանաձև և թեքված դեպի ներս՝ հիշեցնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

 

Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Արևմտյան Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը: Սյուների վերևում տեղադրվելու է անավարտ շրջան, որը խորհրդանշելու է ինչպես Ցեղասպանության թողած ճեղքը, այնպես էլ հայ ժողովրդի միասնությունը:

Նույն շարքից