Հայաստան 

Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն անընդունելի է. դեսպան

analitik.am

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության ուժեղացմամբ և ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Փարիզում կայացած հանդիպումից և գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատանա: 

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ` շեշտելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսուա Օլանդը:
 



«Դիտորդներից  շատերի պես, ես ևս անհանգստացված եմ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածությամբ: Ֆրանսիան ջանք չի խնայում, որպեսզի նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ Փարիզում կայացած հանդիպումից և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի վերջերս գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատթարանա: Այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը: Մենք համոզված ենք, որ բանակցված լուծումը և մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված գլոբալ պայմանագիրը պետք է շարունակ նախատեսելի լինեն: Ստատուս քվոն  անընդունելի է»,- ասել է դեսպանը:

 

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերը հայտնվել են փակուղային իրավիճակում, դեսպանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է խաղաղ  լուծումներ գտնելու հակամարտող կողմերի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ հանդիպումների միջոցով:

 

«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ մեր միջնորդության շրջանակներում  շարունակում ենք աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց, ինչպես վերջերս «Եվրանեսթ»-ի խորհրդարանականների հանդիպմանը նշեց Նախագահ Սարգսյանը, այս հակամարտության կարգավորման բանալին ամենից առաջ գտնվում է Երևանում և Բաքվում: Մենք միայն  միջնորդներ ենք»,- ասաց դեսպանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

 

 

Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետև, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

 

 

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող:

Նույն շարքից