Մշակույթ 

Քրիստոնեությունը նոր մարտահրավերների առջև

analitik.am

Իտալիայի Ռիմինի քաղաքում` Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, օրերս Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արեւելքի` հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաեւ` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:

Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արեւելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ` գրացվելով ութ հազար այցելու:

«Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչեւ ս.թ. օգոստոսի 30-ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում եւս, այդ թվում` Հռոմում: Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18-ին:

Օգոստոսի 26-ին Սուրբ Աթոռի Տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ կարդինալ Ջորջ Պելլը` Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղեկցությամբ, այցելել է ցուցահանդես:

Նույն շարքից