Վերլուծական 

Քրդական գործոն. Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ-թուրքական խնդիր չէ

analitik.am

Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ-թուրքական խնդիր չէ: Այս հարցն ուղղակի, թե անուղղակի ունի նաև երրորդ հասցեատեր` քրդերը: Իհարկե, կարելի է ասել, թե ի սկզբանե և այժմ էլ Ցեղասպանության հարցը զուտ հայ-թուրքական խնդիր չէ, այս խնդրին ներգրավված են երրորդ կողմեր` անհատներ, խմբեր, էթնոսներ, պետություններ, գերտերություններ… Սակայն քրդական գործոնը ոչ միայն վերաբերում է Ցեղասպանության անմիջական իրականացմանը, այլ վերաբերում է նաև մերօրյա աշխարհագրությանն այն պարզ բացատրությամբ, որ ինչպես Արևմտյան Հայաստանի, այնպես էլ քեմալականների օրոք բռնազավթված հայկական տարածքների զգալի մասում բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են:



Եթե նայենք բարոյական տեսանկյունից, քրդերն իրենց ներդրումն ունեն հայերի կոտորածներում, հայրենազրկման և թալանի գործում, սա հայտնի պատմական փաստ է: Իրավական տեսանկյունից էլ հայ-քրդական հարցը որոշակիորեն կապակցված է, այն է` Քրդստանի ստեղծումը նույնպես ամրագրված է Սևրի պայմանագրով, որի իրագործումն էլ մեր պահանջատիրության հիմնական հենասյուներից է: Ի վերջո, կա լրջագույն էթնիկ և աշխարհաքաղաքական խնդիր, որը վերաբերում է մեր օրերին, պատմական հայկական տարածքներն այժմ բնակեցված են միլիոնավոր քրդերով, որոնց գիտակցության մեջ ձևավորվում է այն, թե հայկական այս տարածքներն իրենց պատմական հայրենիքն է, իսկ սա, մեղմ ասած, վտանգավոր զարգացում է:



Այնպես որ, եթե խոսում ենք մեղավոր կողմերին Ցեղասպանության համար պատասխանատվության կանչելուց, ապա պետք չէ մոռանալ օսմանյան պետության, թուրք բնակչության հետ մեկտեղ քրդերի ունեցած դերը հայերի ցեղասպանության գործում: Եթե խոսում ենք տարածքային վերադարձի մասին, ապա կրկին պետք է հասկանանք, որ թեև տարածքները թուրքական պետության մաս են կազմում, սակայն այստեղ բնակվողների զգալի մասը քրդեր են:



Ուստի Ցեղասպանության և, ընդհանրապես, հայկական հարցի լուծմանն անդրադառնալիս պետք չէ աչքաթող անել քրդական կարևորագույն գործոնը, որը վերաբերում է ինչպես անցյալին, այնպես էլ ներկային և, առանց կասկած, ապագային: Ընդ որում, ապագայի տեսանկյունից քրդական գործոնը միայն իր կարևորությունն ավելացնելու միտում ունի՝ հաշվի առնելով վերը թվարկված իրողությունները:



Վերադառնալով պահանջատիրության հարցին` մտածելու տեղիք է տալիս` արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ունակ է տարածքային վերադարձի դեպքում մարսել Վիլսոնյան Հայաստանի (այսինքն` պատմական Հայաստանի ոչ ամբողջ տարածքի) քուրդ (և ոչ միայն) բնակչությանը, որը աճի մեծ տեմպեր ունի: Քրդերի դեմոգրաֆիկ աճը պակաս վտանգավոր չէ Անկարայի համար, որտեղ թուրք բնակչության ծնելիության մակարդակն ընկնում է, թուրքերի միջին տարիքն աճում, մինչդեռ Թուրքիայի երիտասարդ քուրդ բնակչությունը շարունակում է արագորեն աճել: Նման տեմպերի պահպանման դեպքում տասնամյակներ անց Թուրքիայի դեմոգրաֆիկ պատկերը կարող է անճանաչելի փոխվել: Սա հարց է, որի մասին պետք է մտածի ոչ միայն Թուրքիան, այլ նաև Հայաստանն ու հայ ժողովուրդը: Սա կարևոր հանգույց է մեր արդի պահանջատիրությունն ու սպասելիքները կառուցելու ճանապարհին:



Հայաստան-Թուրքիա հարաբերություններին կամ Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմաներում քրդական գործոնը մշտական սթափ դիտարկման, խորազնին ուսումնասիրման ու մանրամասն վերլուծության կարիք ունի: Թեև մեկ հոդվածը չի կարող ամբողջապես վերհանել Հայկական հարցում քրդերի դերակատարման թեման, սակայն պակաս կարևոր չէ ընդհանուր իրավիճակի գնահատումը՝ հարցի վերաբերյալ առավել իրատեսական պատկեր ստանալու համար...



Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից