Քաղաքականություն 

Քեսաբի նկատմամբ Թուրքիայի կողմից տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչության գործողություն. Հայկ Դեմոյան

analitik.am

Սիրիական հայաբնակ Քեսաբի շուրջ Թուրքիայի կողմից տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչության գործողություն Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

«Ես ականատես չեմ եղել և առաջին աղբյուրից չեմ լսել որևէ տեղեկություն Քեսաբի մասին, իմ կարծիքով` Քեսաբի գործողությունը միանշանակ հովանավորվում է Թուրքիայի կողմից, այն իր մեջ պարունակում է ահաբեկչական էլեմենտ, մասնավորապես՝ հոգեբանական»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ Ցեղասպանություն իրագործած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպանական գործողություններն իրականացնել, և Թուրքիայի հիմնական նպատակը հոգեբանական ահաբեկումն է համայն հայությանը: «Թուրքիան փորձում է ճշգրտել, թե ինչքանով ենք մենք միասնական այդ հարցում, ինչքանով կարող ենք հասնել դատապարտման»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրանք շատ կարևոր գործողություններ են Թուրքիայի կողմից:

Դառնալով ահաբեկչական գործողություններին՝ բանախոսը հայտարարեց, որ Թուրքիան պետականորեն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը: Նա նաև նկատեց, որ բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ Քեսաբից առաջ բազում դեպքեր են եղել, որոնց միայն արձագանքել են հետո:

Նույն շարքից