Մամուլի ակումբ Տնտեսություն 

ՓՄՁ-ներին աջակցելու համար եկամտային հարկ աշխատողներից հարկատեսակի դեպքում պետք է արտոնություն տալ. Անի Հովհաննիսյան

analitik.am

«Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ների գործունեության ուսումնասիրության հետ կապված ունենք բավականին լուրջ խնդիրներ, քանի որ որևէ հետազոտություն չկա, որը ցույց կտա, թե փոքր և միջին ձեռնարկություններից որո՞նք են ավելի վճարունակ, որո՞նք են ճգնաժամի առջև կանգնած և այլն, եթե հետազոտություն էլ արվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, ապա տվյալները չեն հրապարակվում՝ անհասկանալի է, թե ինչու»,-այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյանը:

«Ինչպես գիտենք, կան առևտրային գործունեություն իրականացնող և ծառայություններ մատուցող ՓՄՁ-ներ՝ ես կխոսեմ ՓՄՁ-ների կրած ընդհանուր վնասի մասին՝ առանց տարանջատելու դրանց գործունեության ոլորտը: Դոլարի արժևորումից  լուրջ վնաս կրեցին այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք վերցրել են  դոլարային վարկեր մինչև դոլարի արժևորումը: Հիմա, երբ դոլար-դրամ հարաբերակցությունը կայունանում է, մեկ էլ լուրջ խնդիր է առաջանում՝ գնաճը, ինչի պատճառով  ՓՄՁ-ները ստիպված են լինելու բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերը : Եթե մինչ գնաճը տվյալ աշխատողը իքս աշխատավարձով կարողանում էր հոգալ իր ծախսերը, ապա գնաճից հետո գնաճի չափով նվազելու է վերջինիս գնողանակությունը, ինչը նշանակում է, որ  աշխատողը կամ պետք է նոր աշխատանք փնտրի ավելի վճարունակ կազմակերպությունում, կամ էլ՝ ՓՄՁ-ն ստիպված կլինի բարձրացնել վերջինիս աշխատավարձը»:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները ֆինանսապես այդքան էլ կայուն վիճակում չեն և այդ պատճառով էլ նման պայմաններում  կունենան  պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք, ինչը բնականաբար վատ առումով ազդելու է վերջիններիս գործունեության վրա:


 ««Անալիտիկ» կենտրոնն առաջարկում է, որպեսզի ՓՄՁ-ների աշխատակիցների դեպքում հարկային արտոնություններ սահմանվեն եկամտային հարկ աշխատողներից հարկատեսակի դեպքում, ինչը հնարավորություն կտա գործատուներին բարձրացնել աշխատավարձերը: Ներկայումս այն կազմում է 24.4%, իսկ 80 000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ 26%,  որին գումարում ենք սոց վճարը՝ 5 %, ստացվում է, որ աշխատավարձի մոտ 30-31%-ը հարկ է վճարվում, այսինքն, եթե մինչ այս աշխատողը ստանում էր 200 000 ՀՀ դրամ, որից հանում ենք հարկերը` 60 720 և ստանում 139 280 ՀՀ դրամ և դրանով կարողանում էր բավարարել իր գոնե նվազագույն պահանջները, ապա  ներկայիս գնաճի պայմաններում այս գումարը բավարար չէ անգամ մինիմալ ծախսերը հոգալու համար: ՓՄՁ-ներին եկամտային հարկ աշխատողներից հարկատեսակի դեպքում արտանություն տալը միանշանակ բավականին կթեթևացնի իրավիճակը »:


Անի Հովհաննիսյանը խոսեց նաև կառավարության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին. «2011 թվականին ՀՀ կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոշում էր ընդունել, որով ստեղծվել էր Փոքր և Միջին ձեռնարկությունների զարգացման խորհուրդ: Խորհուրդը ստեղծվեց, է նիստ գումարեց: Մենք փորձեցինք ուսումնասիրել, արդյոք այդ խորհուրդը այս տարիների ընթացքում որևէ կերպ արձագանքել է բոլորիս քաջ հայտնի դոլարի արժևորման ու դրամի արժեզրկման պատճառով ՓՄՁ-ների մոտ առաջացած խնդիրներին կամ թեկուզ որևէ խնդրի ՓՄՁ-ների հետ կապված՝ տեղեկություններ չկան, եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա երևի բոլորից գաղտնի»,-հավելեց Անի Հովհաննիսյանը:


«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիրը նաև նշեց, որ 2014 թ-ին աջակցություն Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ծրագրին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 1 519 837 000 ՀՀ դրամ, որն ուղղված է եղել տարբեր ծրագրերի իրականացմանը՝ իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը, ֆինանսական և ներդրումային աջակցություն, երաշխիքների տրամադրում և այլն. «Եթե այդ բոլոր ծրագրերն իրականացված լինեին, ապա մեր ՓՄՁ ոլորտն այսօր բավականին զարգացած և կայունացած կլիներ:

Ավելի արդյունավետ կլիներ, եթե նույն ՓՄՁ ԶԱԿ-ին հատկացվող ֆինանսավորումը տրամադրվեր ոչ թե սեմինարների անցկացման կամ ինչ-որ վերացական խորհրդատվությունների համար, այլ հատուկ ֆոնդ ստեղծվեր, որը նման դեպքերում կփոխհատուցեր ՓՄՁ-ների վնասները: Այսօր դրամ-դոլար հարաբերակցությունը կարծես թե կայունացավ, սակայն մի՞թե այս կայունությունը կպահպանվի հունվարից հետո: Եթե ոչ, պատկերացնո՞ւմ եք՝ դոլարային վարկեր ունեցող ՓՄՁ-ներն ինչ խնդիրների առջև կկանգնեն: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ՓՄՁ-ների պետական աջակցման ծրագրով հատուկ բյուջե նախատեսվեր նման դեպքերում ՓՄՁ-ների կրած վնասները փոխհատուցելու համար, այլ ոչ թե սեմինարների և խորհրդատվությունների՝ ինչպե՞ս կարող է կազմակերպությանը խորհուրդը փրկել, եթե վերջինս ֆինանսական ճգնաժամի մեջ ընկնի ոչ թե իր սխալ գործունեության, այլ «ֆորսմաժորային» իրավիճակի պատճառով»,- եզրափակեց Անի Հովհաննիսյանը:


Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ անդրադառնալով վերջին շրջանում արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններին՝ կանխատեսեց, որ առաջիկա հունվարին ևս դրամի արժևորում կլինի:

«Այս ժամանակահատվածը տանելու է նրան, որ մարդիկ ծախսեն նաև իրենց խնայողությունները, սա կտանի դրամի արժևորմանը: Գոնե առաջին եռամսյակի ընթացքում դոլարի արժևորում չի լինի»,- ասաց նա՝ նշելով, մեկ դոլարի արժեքը կլինի 450-455 դրամ:

 

Ստեղծված իրավիճակը տնտեսագետը պայմանավորեց երկու հանգամանքով: «Իրականությունը նա է, որ մենք ունեցանք մոտ 35-40 տոկոսի դրամի արժեզրկում, այնուհետև 20-25 տոկոսի արժևորում: Ես այստեղ կարևորում եմ երկու գործոն, առաջին հերթին Ռուսաստանն է և նրա նկատմամբ կիրառված սանկցիաները, նավթի գները, իսկ երկրորդը պայմանավորված է հայկական իրականության որոշ գործոններով»,- ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ տեղի ունեցողը գեոէկոնոմիկ խնդիրների պատճառ է, Հայաստանն էլ այդ ամենի կրողն է:

Նույն շարքից