Հայաստան 

Փաշինյանը դժգոհեց, թե ինչու փոխնախարարը սահմանամերձ գյուղերին հարկերից ազատելու նախագիծն իր հետ չի քննարկել

analitik.am

Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ գյուղերին հարկերից ազատելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, նշեց, թե իր համար տարօրինակ էր Միրումյանի այն հայտարարությունը, թե չի իմացել և չի ծանոթացել իր կողմից ներկայացրած նախագծին, որով ևս նախատեսվում էր արտոնություններ սահմանել սահմանամերձ գյուղերին, այն դեպքում, երբ վարչապետը նրան հանձնարարել էր ծանոթանալ Փաշինյանի նույնաբովանդակ նախագծին, որը մերժվել էր ավելի վաղ:

«Վարչապետը ձեզ հանձնարարել է, որ այդ նախագիծն ինձ հետ քննարկեք, և եթե ողջամիտ առաջարկներ կան, ներառեք այդ նախագծի մեջ: Եթե չեք ծանոթացել, ի՞նչ պիտի իմանայինք, ողջամիտ առաջարկներ կա՞ն, թե՞ ոչ»,- հարցրեց նա և ապա շարունակեց, թե ներկա է եղել Կառավարության կողմից ձևավորված սահմանամերձ գյուղերի հարցերով զբաղվող հանձնաժողովի քննարկումներին, որտեղ Պաշտպանության նախարարության լիազոր ներկայացուցիչն ասել է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների հիմանական խնդիրը կոմունալ վարձերի հարցն է և նպատակահարմար կլիներ, որ փոխհատուցում տրվեր: ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ առաջարկը հաշվի չի առնվել Կառավարության կողմից:

Մինչ փոխնախարարը կպատասխաներ հարցին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց. «Ասեմ, որ նույն հարցի վերաբերյալ նախագիծ էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 6 խմբակցությունները և մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»:

Վախթանգ Միրումյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ հիշեցրեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ և խնդրել առաջարկություններ ներկայացնել: «Ինչ վերաբերվում է կոմունալ վճարումներին, ապա այդ հարցը չի քննարկվել օրինագծի մշակման ժամանակ և չէր կարող նախագծում ներառված լինել»,- ասաց Միրումյանը:

 

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե վարչապետը նրան է հանձնարարել քննարկում կազմակերպել օրինագծի վերաբերյալ, ինչը Միրումյանը չի արել:

 

«Դուք ինձ ոչ մի բան չեք խնդրել, ես իմ առաջարկները նախագծի տեսքով ներկայացրել էի: Վարչապետը Ձեզ է հանձնարարել քննարկել նախագիծը, Դուք էլ ինձ եք հանձնարարում: Դուք ո՛չ խնդրանքի, ո՛չ էլ այլ ձևակերպմամբ, ոչ մի բան չեք կարող ինձ հանձնարարել: Դուք ձեր վերադասի հրամանը չեք կատարել, եկել ստեղ նախագիծ եք ներկայացնում»,- ասաց Փաշինյանը, ինչի հետ չհամաձայնվեց փոխնախարարը՝ հավատացնելով, թե հանձնարարականը կատարել է:

Նույն շարքից