Մշակույթ 

Ցեղասպանության թանգարանը ներկայանում է նոր՝ բացառիկ ցուցադրությամբ

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր հանրությանը ներկայացավ նոր ցուցասրահներով ու դիզայներական նոր ժամանակակից լուծումներով: 2011-2014թթ-ին հիմնանորոգվել է թանգարան-ինստիտուտի շենքը և արդյունքում ցուցադրական հատվածն ընդլայնվել է 2400 քմ-ով:

 

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, թե՛ շենքի հիմնանորոգման, թե՛ ցուցադրության համար պետական բյուջեից գումար չի հատկացվել:

 

«Ամբողջը բարերարների, նվիրատվությունների միջոցով է իրականացվել: Շինարարության համար ծախսվել է 4.5 մլն դոլար: Իմ որոշմամբ՝ որևէ լրացուցիչ գումար թանգարանի դիզայներական նախագիծը մշակելու, ցուցադրությունը պատրաստելու համար չի հատկացվել պետբյուջեից: Մենք հրաժարվել ենք՝ շատ պարզ հիմնավորմամբ՝ մենք չենք կարող մեր ժողովրդին վրա հասած պատուհասի հաշվին ստանալ գումարներ: Սա եղել է մեր բարոյական մոտեցումը և հարգանքի տուրքը զոհերի հիշատակին»,-ասաց նա:

 

Հայկ Դեմոյանը նշեց, որ վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի շնորհիվ այսօր թանգարանն ունի ավելի քան 90 հազ. բնօրինակ նյութեր, որոնց շնորհիվ այս օրերին աշխարհի 50 քաղաքներում ցուցադրություններ են պատրաստվել:

Թանգարանի նոր ցուցադրությունը կազմված է մի քանի սրահներից, որտեղ ներկայացված են հազարավոր նոր նյութեր: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Վերջիններիս միջոցով այցելուն ինքը կարող է որոշել, թե ինչ դիտել:

 

Նշենք նաև, որ ներկայացված են բացառիկ գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր: Նմանօրինակ փաստաթղթերից մեկը Օսմանյան Թուրքիայի կողմից ընդունված 1915թ-ի բռնագաղթած հայերի լքյալ գույքի բռնագրավման մասին օրենքն է, որը ստորագրվել է երիտթուրքերի կողմից:

«Այս փաստաթղթի բնօրինակը թանգարանում է և կարիք չկա գնալ ու բացել թուրքական արխիվները: Եվս մի բացառիկ փաստաթուղթ է Էնվեր փաշայի կողմից հայ զինվորական  Սարգիս Թորոսյանին զինվորական պարգևի արժանացնելու մասին Էնվեր Փաշայի հրամանը՝ նրա ստորագրությամբ: Դարդանելի ճակատամարտի ժամանակ Սարգիս Թորոսյանը խորտակում է երկու ռազմանավ և փրկում Ստամբուլը, բայց նրա ընտանիքը հետագայում մորթվում է»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Ցուցադրության մեջ տեղ է գտել նաև համաշխարհային մամուլի արձագանքը: Հայկ Դեմոյանը նշեց, որ թանգարանում է նաև դանիացի լրագրողներից մեկի 1911թ-ի հրապարակումը, որտեղ Թալեաթ փաշան, լինելով դեռևս ընդդիմության ներկայացուցիչ, հարցազրույցում ասում է. ««Կա՛մ նրանք, կա՛մ մենք: Եթե ես գամ իշխանության կլուծեմ այդ հարցը բնաջնջման միջոցով»:

 

«Այսինքն՝ Թալեաթ փաշան դեռ 1911թ-ին իր նպատակադրության մասին է ասել, որ պատրաստվում է իրագործել մեծ ոճրագործություն: Ցուցադրությունը պատրաստված է այնպես, որ ցանկացածը, ով կանցնի թանգարանով, չկարողանա կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության ծրագրված ու նպատակադրված բնույթը»,-ասաց նա:

Ցուցադրությունը բաղկացած է 52 հիմնական խորագրերից, որոնք հիմնական երեք լեզուներով են ներկայացված՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն: Թանգարանի ցուցադրությունը ունի նաև աուդիոգիդեր, որոնք 40 տարբեր պատմություններ են պատմում՝ հայերեն, ռուսերեն, անգերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն և արաբերեն լեզուներով:

Նշենք նաև, որ ցուցադրությունը լայն հասարակությանը կներակայանա ապրիլի 25-ից:

Նույն շարքից