Հասարակություն 

Տաքսիներին նվազագույն 600 դրամի փոխարեն այսուհետ 1000 դրա՞մ ենք վճարելու

analitik.am

Օրերս, թեև ՀՀ վարչապետը գործադուլ անող երթուղայինների վարորդներին խոստացավ կարգավորել գազի գինը, սակայն մինչ օրս պահպանվում է 200 դրամ բարձր սակագինը:


23 համարի երթուղայինի վարորդ Արմենը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն դադարելու պահանջել գազի գինը դարձնել 170 ՀՀ դրամ, ինչպես  նախկինում էր: «Մենք մեծ վնաս ենք կրում: Մեր օրական ծախսը մոտ 5000 դրամով ավելացել է: Թեև գծի տերը մտնում է մեր դրության մեջ և  օրվա արենդը սովորականից 2-3 հազար դրամով քիչ է վերցնում,  սակայն, միևնույն է, մեր ծախսը կրկնակի է դառել, որի արդյունքում աշխատել հնարավոր չէ: Ինչքա՞ն կարող ենք էսպես աշխատել, ի՞նչ ենք առնում, որ այդքան գումար դուրս հանենք…Վարչապետն ասաց կլուծի այս հարցը, ո՞ւր է. Գինը իջավ ընդամենը 30 դրամով. Դա հարցի լուծում չի: Մենք պահանջում ենք գազի գինը դարձնել 170 դրամ»,-սրտնեղում էր վարորդը:

Մի քանի օր է տասնյակ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել և սպասում են գազի գնի իջեցմանը: Դրանք են Արևմտյան թաղամաս բարձրացող ` թիվ 77, 44, 63, 71, 75, 27, 23, 28, 34 երթուղայիններիը: Նրանցից հետ չեն մնում նաև Նոր Նորքի զանգվածներ բարձրացող տասնյակ երթուղիներ:


Հիշեցնենք` գազալցակայաններում գազի թանկացումից հետո գազի սակագինը շուրջ 60 դրամով թռիչք կատարեց` խուճապ առաջացնելով երթուղայինների վարորդների շրջանում: Վերջիններս գործադուլ հայտարարեցին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ խոստացավ` լուծել գազի թանկացման հարց, սակայն այն  իջեցվեց  միայն 30 դրամով:


Երեսուն դրամով իջեցնելով գազի գինը, կարելի է ասել, ՀՀ վարչապետը հարցը լուծված համարեց: Այս հանգամանքն էլ ավելի գրգռեց հայ վարորդներ զայրույթը, ովքեր  որոշեցին աշխատանքի դուրս չգալ, քանի դեռ հին գինը չի վերականգնվել:


Գազով աշխատող տաքսիները նույնպես խնդիրների առաջ են կանգնել. «Մինչև այս թանկությունը մինիմալը 600 դրամ էինք վերցնում, հիմա ստիպված դարձրել եմ 1000. Չեմ կարողանում մարդկանց աչքերի մեջ նայել…դե արի` մեկ-մեկ բացատրի, թե ինչի համար: Զոռով սենց վիճակ են ստեղծում…մենք մեղավո՞ր ենք, ինչի են մեզ թշնամացնում ժողովրդի հետ»,-վրդովված գանգատվում էր տաքսիստ Արամը:


Վարորդների խոսքով` Հայաստանում վերահսկողություն բառը գոյություն չունի` «ում որ պետք է, չեն վերահսկում և պատասխանատվության ենթարկում, միայն հասարակ քաղաքացիների համա՞ր է օրենքն ու վերահսկողությունը. Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի այդ գազալցակայանների տերերին, ի՞նչ հիմունքներով են թանկացրել գազը, ո՞վ պետք է պատասխան տա մեզ խաբելու, մեր կորցրած ժամանակի համար»,-ասում էր նա:


Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Analitik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իշխանություններն իրենց խոստացել են, որ շուտով գազի նախկին գինը կվերականգնեն: Հիմա 200 դրամ է: Դա ինչ գին է, երբեք գազն այդքան թանկ չի եղել: «Մեր պահանջը մեկն է` 170 դրամ: Իշխանությունները ժամանակ են նշել`ամենաուշը մինչև 2015-ի հունվարի 16-ը լսել մեր խնդիրները»,-պարզաբանեց ուղևորափոխադրողների միության նախագահը:

Վերջինս խոսելով տրանսպորտի ուղեվարձի սակագնից, ասաց, որ այս իրավիճակում, ամենաճիշտը` մայրաքաղաքի տրանսպորտային միջոցները 300 դրամ դարձնելն է.
«Հաշվարկները ցույց են տալիս, որ տրանսպորտի ուղեվարձը պետք է լինի առնվազն 300 դրամ: Ուրիշ ելք չկա. 200 դրամը պետք է սուբսիդավորի Կառավարությունը։ Եթե այս պայմանը չանցնի, երկիրը կդատարկվի, անգամ վարորդ չի մնա , որ քաղաքացիներին սպասարկի»,-եզրափակեց պարոն Եղիազարյանը:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից