«Իտալիայի նման երկիրը Հայաստանի համար այնքան կարևոր չէ, ինչքան Վրաստանը: Հայոսի և Քարթլոսի եղբայրություն է եղել, սակայն այսօր այդ բևեռները բաժանվել են: Վրաստանը միշտ օգտագործել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, Թուրքիայի հետ խորամանկորեն համագործակցելով, միշտ փորձել է համեղ պատառներ պոկել Հայաստանից»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Խոսելով վրաց-թուրքական և վրաց-հայկական հարաբերությունների մասին, բանախոսը նշեց. «Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, որում եղել ենք միշտ, իսկ վրացիները՝ մի իրականության մեջ, որի մեջ չպետք է լինեին: Վրաստանը փորձում է ռուսական ազդեցության գոտում Թուրքիային տեղավորել: Մեր իշխող դասակարգը պետք է լավ ուսումնասիրի հայ-ռուսական հարաբերությունները, մենք պետք է որոնենք վրաց-հայկական հարաբերությունները կարագվորվող ուղիները: Արցախը պետք է համագործակցի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ: Հայությունը Վրաստանում ազգային փոքրամասնություն չէ, մենք այնտեղ օտար չենք, մեր հողի վրա ու մեր երկրում ենք, որտեղ մօշտ եղել ենք ու կլինենք»:
Շիրինյանը շեշտեց, որ ամենամեծ խնդիրը Վրաստանում էթնիկական ներքին հավասարակշռության խախտումն է. «Վրացիները խորամանկորեն համագործակցում են բարեկամի հետ՝ համեղ պատառներ պոկելու համար:
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումը ուղղված է Հայաստանի դեմ: Երկաթուղու կառուցման աշխատանքրին մասնակցեցին վրացիներն ու թուրքերը, իսկ հավաքարարի աշխատանքը մնաց ջավախքցուն: Այս երկաթուղու կառուցումամբ Թուրքիան ու Վրաստանը Հայաստանը շրջափակում են շարժի հնարավորությունից»:
Խոսելով վիրահայերի և ջավախահայերի ներկայիս խնդիրների մասին, նա ասաց.«Ջավախքում դպրոցները վրացականանում են, վրացիները, թուրքերից օրինակ վերցնելով, լեզվի միջոցով ցանկանում են ջավախահայերին ձուլել: Վրացիները միշտ պատճառաբանում են, ջավախցիները աշխատանք չունեն, որովհետև վրացերեն չգիտեն, սակայն Թբիլիսիի հայությունը շատ լավ լեզուն գիտի, բայց նույնպես գործազուրկ է»:
Սարգիս Լևոնյանը նշեց, որ Վրաստանի համար արտաքին սպառնալիքը Ռուսաստանն է, իսկ թաքնված սպառնալիքը՝ Թուրքիան. «Ռուսաստանի վարած կոպիտ արտաքին ծավալապաշտական քաղաքականույթունը Ռուսաստանին մղում է դեպի Արևմուտք: Թուրքիան այս իրավիճակից օգտվելով՝ լուծում է երկու խնդիր՝ ամրապնդում է իր դիրքերն Անդրկովկասում՝ Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան առանցքով: Թուրքիան կատարում է մեկ այլ կարևոր քայլ նույնպես՝ փորձում է սեպ մտցնել Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների միջև: Վրաստանի խնդրով պետք է զբաղվի նաև հայկական սփյուռքը, քանի որ Թուրքիայի ազդեցությունը Վրաստանում մեծանալով, կազդի նաև ԱՄՆ շահերին»:
Խոսելով Ախալքալաքում վրացական ռազմաբազայի տեղակայման մասին, բանախոսը շեշտեց, որ այդպիսով Վրաստանն ու Թուրքիան փորձում են վերահսկողություն հաստատել Ջավախքի վրա, այս քայլն ուղղված է նաև Ռուսաստանի դեմ, քանի որ տարիներ շարունակ Ախալքալաաքում տեղակայված է եղել ռուսական ռազմաբազան: