Հայաստան 

Վարչապետն այդքան տղամարդկություն չունեցավ դուրս գալու, ստիպված գնում ենք նախագահի նստավայր. Ցուցարարներ

analitik.am

ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ՓՄՁ ներկայացուցիչները, որոնք արդեն նախագահականի դիմաց են, երկրի առաջին և երկրորդ դեմքերից պահանջում են բավարարել իրենց պահանջները՝ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:


Վաղ առավոտից կառավարության մատույցների մոտ հավաքված բազմության պահանջը մնաց «օդում»:

Ինչպես analitik.am-ի հետ զրույցում շատ առևտրակններ նշեցին՝ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ չբարեհաճեց գրավոր պատասխան ուղարկել , միայն Կառավարության դիմումների ու նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի միջոցով փոխանցեց, թե ինքը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի և չի կարող իրենց ընդունել:

 

Այս պահին երթին մասնակցում են ՓՄՁ-ների ներկայացուցիչներ՝ Գավառից, Մարտունիից, Գյումրիից, Հոկտեմբերյանից Էջմիածնից և Աբովյանից:

 

Վերջիններիս պահանջը մեկն է՝ կասեցնել նոր օրենքը, որպեսզի կարողանան օրվա հացի գումար աշխատել: Նրանք նշում են, որ այս օրենքում կոռուպցիայի ռիսկը շատ մեծ է և ցանկացած պահի կարող են տուգանվել և պարտքերի տակ ընկնել:«Այդ օրենքից միայն վնաս կկրենք: Այդ օրենքը մշակողը տնտեսությունից հեռու անձնավորություն է: Այդ օրենքը մշակելու համար մասնագետներ պետք է հավաքել, որոնք գոնե 10-20 տարվա աշխատանքային փորձ ունեն այս ոլորտում: Այստեղ բազմաթիվ սողանքներ կան, մեկը չէ, մոտավորապես 70 սողանք կա, որը հանգեցրել է կոռուպցիայի: Ամեն ինչ կոռումպացված է»,-զայրացած ասաց «Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով, իրենց նպատակը օրվա հացի խնդիր լուծելն է, մինչդեռ Կառավարությունն ուզում է այս տնտեսական պայքարը վերածել քաղաքական պայքարի. «Մեզ պետք չէ քաղաքականցնել սա, եղբայր, ես մի կտոր հացի համար եմ պայքարում, ինձ ուրիշ բան պետք չէ»,-ընդգծեց նա:

 

Ցուցարարներներին զայրացրել էր վարչապետի վերաբերմունքը, քանի որ, ըստ նրանց, Հովիկ Աբրահամյանն արհամարհում է ժողովրդին և նույնիսկ չբարեհաճեց դուրս գալ և պատասխանել իրենց հուզող հարցերին: «Հույս ունեինք, որ վարչապետը դուրս կգա, բայց նա այդքան տղամարդկություն չունեցավ, ստիպված գնում ենք նախագահի նստավայր և խնդրենք, որ լսի մեր ձայնը: Բոլորս էլ գիտենք, որ այս նոր օրենքը բերելու է ավելորդ թանկացում, ավելորդ քաշքշուկ: Այստեղ հավաքվածների մեծամասնությունը նիսյայով և պարտքերով է աշխատում, և հնարավոր չէ առձեռն փաստաթղթավորում անել»,-գանգատվում էին նրանք:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից