Վերլուծական 

Վատիկանի պատարագը. տեղեկատվական դաշտում՝ հաջողություն, քաղաքական պայքարում՝ հեռանկարներ

analitik.am

Ապրիլի 12-ին Վատիկանում մատուցվեց պատմական պատարագը, որի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային կոտորածը կոչեց իր իսկական անունով՝ Հայոց ցեղասպանություն՝ այս կերպ իր դեմ բորբոքելով թուրքական պետությանը, սակայն դրական արձագանքներ ստանալով պատմական արդարության կողմնակիցներից:



Հռոմի պապի մատուցած պատարագն ու արած հայտարարությունները ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական կարևորության մեծ չափաբաժին են պարունակում: Այն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից մեծ առաջ քայլ է, որը պետք է շարունակություն ունենա՝ արդյունավետ իրագործվելու համար: Հարյուր միլիոնավոր կաթոլիկներ, ովքեր տարբեր երկրների քաղաքացիներ են, իրենց հոգևոր առաջնորդի շուրթերից են լսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը: Եվ այս քայլից հետո բեռի զգալի մասն արդեն Հայաստանի Հանրապետության ուսերին է, որը պետք է կարողանա արդյունավետ օգտագործել Պապի հայտարարությունը և Ցեղասպանության ճանաչման գործընթացում հենվել արժեքավոր այս քայլի վրա:



Եվ ընդհանրապես, սա պետք է դառնա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ պայքարի մեր հենասյուներից՝ հասարակական զգալի ազդեցությունը վերածելով քաղաքական գործիքի: Պապի հայտարարությունը նախատեսում է նաև աշխատանքների ակտիվացում կաթոլիկ բնակչությամբ երկրներում: Պատկերավոր ներկայացնելու համար կարող ենք տեղափոխվել ֆուտբոլային դաշտ, որտեղ իրավիճակն այսպիսին է՝ Վատիկանը մեզ հարմար փոխանցում է արել, սակայն վճռորոշ հարվածի պատասխանատվությունը մեզ վրա է, և միայն մենք կարող ենք գրավել դարպասը:



Պատարագը, բացի վերոնշյալ քայլերից, միջազգային մեդիադաշտում տեղեկատվական խոշոր բում էր, և լուրջ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ բարձրաձայնելու Ցեղասպանության խնդիրը համաշխարհային մակարդակով: Ամենատարբեր հեղինակավոր աղբյուրներ իրենց գլխագրերում տարածում էին Պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը, ինչն այս հարցը լայն զանգվածներին ևս մեկ անգամ լսելի է դարձնում: Իսկ 20-րդ դարի մեծագույն ողբերգությանը լայն զանգվածներին ծանոթացնելու խնդիր մենք այսօր ունենք, տեղեկատվական և քարոզչական պայքարում դեռ շատ անելիքներ կան, իսկ վերջին շրջանի նմանատիպ զարգացումները ծառայում են հենց այս խնդրի լուծմանը:

 

 

 

Ընդ որում, տեղեկություն փոխանցելու, Ցեղասպանության  հարցը բարձրաձայնելու խնդիր ունենք նաև այս հարցի գլխավոր հասցեատեր Թուրքիայում: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ պատարագից օրեր անց էլ այս թեման օրակարգային է թուրքական մեդիադաշտում և շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Նույն տրամաբանությամբ էլ Ցեղասպանության հարցը բարձրաձայնելուն օգնեց Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հայաստանյան այցը, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը մասին բանաձևը:



Իհարկե, իրենց էությամբ և թիրախային խմբերով այս դեպքերը զգալի տարբեր են, սակայն ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ աջակցում են Ցեղասպանության հարցի հանրայնացմանը: Տեղեկատվական տեսանկյունից այս ալիքը պետք է միայն ու միայն դրական գնահատել:



Ի վերջո, Վատիկանի պատարագի մեծ նշանակությունը կարելի է հասկանալ անգամ թուրքական արձագանքից, որտեղ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, գործիչներ, հայտնի անձինք օրնիբուն քննադատում են Հռոմի պապին՝ նրան ուղղելով ծանր մեղադրանքներ: Իհարկե, թուրքերը ևս հասկանում են այս ամենի հնարավոր հետևանքները, ինչն էլ ստիպում է նրանց նորմալից ավելի ագրեսիվ։ 



Այս ամենից հետո, սակայն, կրկին պետք է վերադառնալ այն մտքին, որ վերոնշյալ բոլոր զարգացումները, իրենց կարևորությամբ հանդերձ, չեն կարող վճռորոշ դեր խաղալ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու հարցում: Սրանք պետք է լինեն լոկ միջոցներ, թեև շատ կարևոր, սրանցով պետք չէ սահմանափակվել, սրանք չպետք է լինեն մեր պայքարի գլխավոր ուղին: Այս ամենը պետք է լինի մեր պայքարի բաղադրիչ մասերից մեկը, այս ամենը պետք է լինի միջոց, ոչ թե վերջնանպատակ:



Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից