Հարցազրույց 

Վահե Էնֆիաջյանը՝ Համաժողովրդական շարժման և դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մասին

analitik.am

Հայաստանի ներքաղաքական անցուդարձի և դեկտեմբերի 10-ին կայանալիք «Եռյակի» հանրահավաքի մասին   analitik.am-ը զրուցել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: 


Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.


-Պարոն Էնֆիաջյան, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է այժմ հասարակության տրամադրվածությունը ներքաղաքական անցուդարձի նկատմամբ:

-Բազմաթիվ մարդկանց հետ շփումների արդյունքում փաստում եմ, որ հայ հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ներքաղաքական իրադարձությունների նկատմաբ: ՈՒրախությամբ նշում եմ, որ մեր հայրենակիցներն անտարբեր չեն երկրի նկատմամբ, վճռական են և հավատով լցված:

 

Համաժողովրդական շարժմանը սատարող մարդկանց թիվն օր օրի մեծանում է, մարդիկ պատրաստակամություն են հայտնում միանալ մեր ընդհանուր գործին և այս գործընթացը հասցնել հաղթական ավարտի:

 

-Հաջողության հասնելու համար ի՞նչ ռազմավարությամբ ենք առաջ տանելու շարժումը:

-Մենք գործելու ենք առանց շտապելու և կշռադատված: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը: Ըստ այդմ էլ՝ մեր պլանավորած գործողություններն ընթանալու են խաղաղ, բայց և վճռական:

Մենք չենք շտապում, քանի որ ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս գործին: Ամեն ինչ լինելու է իր ժամանակին:

 

-Շարժման մեջ ի՞նչ դերակատարություն ունի երիտասարդությունը: Երիտասարդական ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում:

 

-Ցանկացած շարժման մեջ թերևս ամենակարևորներից մեկը երիտասարդության ակտիվությունն ու մասնակցությունն է: Երիտասարդական ուժը, եռանդն ու նորօրյա մտածելակերպն ի զորու է շատ բան փոխել:

Մենք նախատեսում ենք իրականացնել երիտասարդական մի շարք միջոցառումներ՝ քննարկումներ, սեմինարներ և այլն:

Նոյեմբերի 14-ին մենք կազմակերպել էինք կլոր սեղան-քննարկում «Եռյակ»-ի՝ ՀԱԿ-ի «Երիտասարդական կոնգրես» և «Ժառանգության» «Հայք» երիտասարդական կառույցների և արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական կառույցների հետ:

Առաջիկայում այսպիսի միջոցառումների շարք ենք իրականացնելու, որոնց ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց հուզող հարցերի և խնդիրների մասին, ինչպես նաև սեփական քաղաքացիական ձայնը լսելի դարձնել:

 

-Հայտարարվեց, որ դեկտեմբերի 10-ին «Եռյակ»-ը երթ է իրականացնելու: Օրվա ընտրությունը կապ ունի՞ Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա հետ:

 

 

-Այո՛, օրվա ընտրությունը պատահական չէ: Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համաշխարհային օրն է: Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, մեղմ ասած, շատ բացեր ունի: Մենք ունենք բավական լավ օրենսդրական համակարգ, որը, սակայն, այնքան էլ լավ չի գործում:

Դեկտեմբերի 10-ի երթը բարձրաձայնելու է վերոհիշյալ ոլորտի բացթողումների և թերությունների մասին, մատնանշելու է հատկապես այն կետերը, որոնք ամենաշատն են խախտվում և որոնց լուծումը պետք է անհապաղ կազմակերպել:

Նույն շարքից