Տնտեսություն 

Սևանի ջրածածկ տնկարկների մաքրումից առաջացած թափոնները բնակչությանը որպես վառելիք կտրվեն ցածր գնով

analitik.am

 Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 21-ի դրությամբ 1900,13 մետր է, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազել է 4 սանտիմետրով: Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 21-ի դրությամբ մուտք է գործել 129.4 մլն խմ ջուր, ինչը 6.1 մլն խմ-ով պակաս է 2013թ. նույն օրվա համեմատությամբ (135.5 մլն մ3): Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպաության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Մեր առջև դրված Սևանի մակարդակի բարձրացման ծրագիրը վաղաժամկետ իրականություն կդարձնենք` առավելապես հաջորդ տարի Արփա-Սևան թունելի վերջնական վերանորոգման շնորհիվ: Սևանը մեզ համար մեծ նշանակություն ունի, և մենք ամենը պետք է անենք, որպեսզի խնայենք Սևանի ջուրը: Դուք ինքներդ տեսնում եք, թե աշխարհում ինչ իրադրություն է ջրի հետ կապված», - տեղեկացրեց Արամայիս Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը հավելեց, որ 2001-ից Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81մ-ի փոխարեն (տարեկան 21.6սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից:

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է: 2015-ին նախատեսված է մաքրել ևս 150հա: Աշխատանքները բավականին լուրջ են և ծանր, քանի որ ծառերը հատված են, և մնացել են արմատները, որոնց հեռացումը պահանջում է մասնագիտական մոտեցում: Հավաքված թափոնները կուտակվում են «Սևան» ազգային պարկի տարածքում` հետագայում դրամաշնորհային ծրագրով այն այլընտրանքային վառելիքի վերածելու նպատակով, որը ցածր գներով կտրամադրվի բնակչությանը», - ասաց Արամայիս Գրիգորյանը:

2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200,0 հազ.հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166,7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ:

Բնապահպանության նախարարը հեղեկացրեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում սիգի վտառի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կայունացել է: Կայունացել են նաև խեցգետնի և կարաս ձկնատեսակի գլխաքանակները: Սևանա լճում էնդեմիկ, անհետացող տեսակների` հատկապես իշխանի վերջին տարիներին կանոնավոր կերպով իրականացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լճում դրանց պոպուլյացիան ավելացել է:

Նույն շարքից