Հարցազրույց 

Կանցկացվի «ՍՈՍԵ» կինոփառատոն

analitik.am

Մեր Երևանը հարստացել է տարատեսակ մշակութային միջոցառումներով։  «Զիս» փրոդակշնը նախաձեռնել է «ՍՈՍԵ»  կինոփառատոն՝  «Բովանդակությունը՝ կին» խորագրով։ Կինոփառատոնի մասին զրուցեցինք «ՍՈՍԵ» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Ռիտա Խալաթյանի հետ։

 

 

-  Չե՞ք կարծում, որ մեր փոքրիկ Երևանի համար շատ են կինոփառատոները։

 

-     Բացարձակ։ Ոչ մի մշակութային միջոցառում չի կարող ավելորդ լինել, եթե դա իսկապես մշակութային միջոցառում է։ Դա խթանում է հասարակության ճաշակի ձևավորմանը, այսինքն կամա թե ակամա մարդիկ առնչվում են մեր երկրում կատարվող իրադարձությունների  հետ, ուրեմն թող առնչվեն  մշակույթի հետ։ Հավատացնում եմ դա վնասակար չէ։

 

 

-   Ինչու՞ կինոփառատոնն անվանակոչեցիք հենց «Սոսե»։

 

 

-  Սոսե Մայրիկի պատվին։ Սոսե Մայրիկն իր կանացի տեսակով շատ վառ կերպար է, աշխարհին այսօր պակասում է կնոջ այդ տեսակը։ Նա 13 տարեկանում դեմ գնաց բոլորին, բարքերին, օրենքներին ու հնազանդվելու փոխարեն նա ինքն ընտրություն կատարեց ու ամուսնացավ իր սիրած տղայի՝ Սերոբի  (Աղբյուր Սերոբ)  հետ, իսկ այն թվերին դա հեշտ չէր։ Ու ողջ կյանքում եղավ իր ընտրության տերը։ Արգելվում էր ֆիդայիններին ամուսնանալ, այդ պատճառով էլ Սոսեն միացավ ազատագրական մարտերին և եղավ ամուսնու կողքին։ Դա հատուկ է միայն վեհ կնոջը։ Շատ կուզենայի այսօր կանանց մեջ վեհություն տեսնել։ Փոքրացել են կանայք փոքրացել․․․

 

-  Կինոփառատոնը հենց կնոջ մասի՞ն է ։



-   Այո՛, ֆիլմերի միջոցով խոսվում է կնոջ դերակատարման մասին առհասարակ։ Ի դեպ , շատերը մտածում են, որ խոսքը միայն հայ կնոջն է վերաբերում, բայց դա այդպես չէ ։  

 

-   Այս տարվա ֆիլմերը գոհացրե՞լ են կազմակերպիչներին։

 

 

-  Ճիշտն ասած, քանի որ առաջին տարին է, մեր ակնկալիքները մեծ չէին, մեզ համար կարևորն այս պարագայում կինոփառատոնի ծնունդն է, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Ֆիլմերը կարճամետրաժ են, թեման էլ այնպիսին է, որ անգամ ապագայում չեմ կարծում,որ հայտերը շատ լինեն ։


 

-   Իսկ ժյուրի ունի՞ կինոփառատոնը, մրցութայի՞ն են ֆիլմերը , թե ոչ, կմանրամասնե՞ք։

 

         

-  Անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական ընկալումներից  ու առհասարակ անկախ ամեն ինչից մարդկանց միավորում է  արվեստը։ Յուրաքանչյուր արվեստագետ կարիք ունի շփվելու, տեսնելու, ուսումնասիրելու, սովորելու։ Ցավոք սրտի այսօր մեր  սոցիալական վիճակը թույլ չի տալիս արվեստագետներին երկրի սահմաններից դուրս զբաղվել փորձի փոխանակմամբ, իսկ դա պարտադիր է արվեստագետի համար, հակառակ դեպքում արվեստագետը կսպառվի։ Այս ամենը հաշվի առնելով, որոշեցինք դիմել մեր՝ արտերկրում ապրող և ստեղծագործող հայրենակիցներին, ովքեր էլ կտան իրենց գնահատականները և կընտրեն «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք» , «Լավագույն սցենար» նոմիանցիաները։ Ժյուրիի կազմում են` ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտ Սևադան (Ամն), ռեժիսոր-դերասան Արթուր Թումասյանը (ԱՄՆ), ռեժիսոր Վահե Յանը (Ռուսաստան), դերասանուհի Լաուրա Քյոսայանը  (Ռուսաստան ) ։ Նրանց շատ շնորհակալ ենք, որ համաձայնեցին օգնել մեզ։ Ֆիլմերից մեկը «Հանրության համակրանք»  նոմինացիային կարժանանա  www.zis.am կայքում կազմակերպված առցանց քվեարկության արդյունքում։  Քվեարկությունը կտևի 3 օր՝ ապրիլի 14-ից մինչև ապրիլի 17-ը։

 

-  Իսկ որևէ պետական աջակցություն ունե՞ք։



 

 -Ճիշտն ասած,մշակույթի նախարարություն չենք դիմել և այս տարի բավարարվել ենք  Ազգային Կինոկենտրոնի աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև « ՍՈՍԵ»  կինոփառատոնի մյուս աջակիցներին՝ Make Up studio-ին, Mon Amie Flower and Design Boutique-ին, 1Print-ին, Մանան Օրգանիկ Թեյ-ին և մեր բոլոր ընկերներին , գործընկերներին։


-   Դե ինչ , հուսով եմ ամեն ինչ լավ կընթանա, մնում է միայն ավելացնել բարի ծնունդ «ՍՈՍԵ»  կինոփառատոնին ու բարի երթ։

 

-    Շնորհակալություն։

 

Նույն շարքից