Հայաստան 

Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Ռիժկովը խոսել են ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարի շուրջ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման և այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերի սերտացման գործում:


Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Երևանում և Մոսկվայում պարբերաբար անցկացվող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում քննարկվում են երկու բարեկամ երկրների համար արդիական ու կարևոր հարցեր՝ միտված է՛լ ավելի խորացնելու միջպետական բարձր մակարդակի հարաբերությունները: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի 25-րդ նիստի արդյունքների մասին:

 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ և ՌԴ օրենսդիր մարմիններում դրանց քննարկման և վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներին, մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու այդ գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, և դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարևորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

Նույն շարքից