Մշակույթ 

Սերգեյ Սմբատյանի և Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը

analitik.am

Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:  


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը և նոր համերգաշրջանը սկսում են աննախադեպ համերգով: Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա): Համերգը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ DJ և նվագախումբ համադրությունն արդեն հնչել է Եվրոպայում ու սիրվել հանդիսատեսի կողմից։ Դիրիժորի հավաստմամբ` իրենք միշտ փորձում են համերգների անցկացման համար ընտրել մի ձևաչափ, որն անսովոր է հանդիսատեսի համարը, որը, սակայն, հետո դուր է գալիս շատերին:


Ասուլիսի ընթացքում նշվեց, որ Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի ևս մեկ նախաձեռնություն: Այսուհետև դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներոմ ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:


ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին. «Որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է և լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:


Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց նաև, որ փառատոնի ընթացքում իրականացվելու են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր և այլն: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը:

 

 

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից