Ռազմական 

Սեյրան Օհանյանը՝ հատուկ գործողության և հետագա քայլերի մասին. տեսանյութ

analitik.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Քանաքեռի զորամասում մասնակցեց Հետախույզի օրվան  նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հատուկ գործողությանը, որն իրականացվեց տարհանելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները:

«Այն, ինչ կատարվել է  Արցախում՝ նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, նաև խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետևյալը․ մեր հարևանների՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն՝ ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումներից հրաժարվելը ստիպել ենՊաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների, որոնց արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները»,-ասաց ՀՀ Պնախարարը:

Օհանյանը հավելեց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին նաև պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողներով:

Հարցին՝ նախատեսվո՞ւմ են արդյոք այլ պատասխան քայլեր, նախարարը պատասխանեց. «Սադրանքներ եթե լինեն, պատասխան քայլեր միշտ լինելու են: Ես նախկինում միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատիժ է լինելու: Այս պարագայում առաջին գծում խստացնելու ենք ծառայությունը, բայց այն ուղղվածէ  լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություն կազմակերպել, պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավել պատասխան տալու ենք ցանկացած այսպիսի սադրանքի»:


Սկզբնաղբյուր՝ 1in.am

Նույն շարքից