Հիշում եմ և պահանջում 

Սան Պաուլոյի քաղաքապետարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել

analitik.am

Բրազիլական Սան Պաուլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ, որին բացի տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից, ներկա են եղել նաև Բրազիլիայի հայկական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Սան Պաուլոյում Ուրուգվայի հյուպատոս Ֆլավիա Պատրիսիա Պիզանո Ռեջջիոն, Իսրայելի և Կանադայի հյուպատոսները:

 


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Prensa Armenia-ն, Սան Պաուլոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ժիլբերտու Նատալինին հայտարարել է, որ Բրազիլիան ունի աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ գոյակցության երկար տարիների ավանդույթ։



«Բրազիլիան որդեգրել է հակամարտությունների լուծման երկխոսության և միջնորդության դիրքորոշում։ Այն ինչ անում ենք՝ կոչված է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին։ Որպեսզի հիշենք ոչ միայն այդ տխուր պահը, այլև օրինակ ծառայենք ներկայի ու ապագայի համար, որպեսզի մարդիկ ապրեն ներդաշնակ ու խաղաղ»,- նշել է Նատալինին:

 



Միաժամանակ, Նատալինին խնդրագիր է ներկայացրել Գերագույն դատարան, պատգամավորների դաշնային պալատ և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին, որպեսզի Բրազիլիայի բոլոր մարմինները որպես պատմական փաստ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:


 

Հիշեցնենք, որ Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:


Նույն շարքից