Հիշում եմ և պահանջում 

Ս. Թեոդիտոն քահանայի, Ս. Զենոն, Ս. Մակար և Դ.Եվդոքսեա զինվորների և Ս. Ռամելասի հիշատակության օր

analitik.am

Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, ապրել է Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորել բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը:



Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն՝ անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով՝ չարաչար մեռնում են: 

 

Ս. Զենոնը, Ս. Մակարը և Ս. Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: Եվդոքսիոսը, որ կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Ս. Մակարը:

 

Ս. Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է: 

Նույն շարքից