Հիշում եմ և պահանջում 

Ս. Գրիգոր և Ս. Նիկողայոս Սքանչելագործ հայրապետների և Ս. Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

analitik.am

Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Ս. Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և նրա եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար նա արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր: Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ:
Ս. Նիկողայոս հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքյի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոս: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:
Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, նա քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակնը ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:

Նույն շարքից