Վերլուծական 

Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքները

analitik.am

Մոսկվայի կողմից Ղրիմի միակցումը սկիզբ դրեց Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլին: Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի նկատմամբ  քաղաքական մեկուսացման փորձերն և տնտեսական պատժամիջոցների կիրառումը, պետք է ստիպեին Կրեմլին հրաժարվել ծավալապաշտական քաղաքականությունից: Սակայն Մոսկվան մնաց անհողդողդ և սառնասրտորեն ընդունեց Արևմուտքի մարտահրավերը:

 

Ռուսաստանի ազգաբնակչության մեծագույն հատվածի կողմից ԽՍՀՄ-ի վեհության նկատմամբ տածած կարոտաբաղձությունը կարևոր խթան հանդիսացավ Կրեմլի համար որդեգրած քաղաքական գիծը շարունակելու,  որովհետև  Վ. Պուտինը նույնպես ձգտում է վերականգնել Խորհրդային Միության փառքը: Սակայն որոշ փորձագետներ զգուշացնում էին հայրենի իշխանություններին, որ տնտեսությունը պատրաստ չէ կառավարության կողմից վարած արտաքին քաղաքականությանը, և պատժամիջոցները ծանր հարված կհասցնեն պետության ամբողջ սոցիալ-տնտեսական ոլորտին: Մի երկիր, որը տնտեսապես թույլ զարգացած է ու մեծ պահանջարկ ունի արևմտյան ինովացիոն տեխնալոգիաների և դրան գումարած,  նստած է նավթային ասեղի վրա, չի կարող հանդիսանալ արդի ժամանակաշրջանի գերհզոր տերություն կամ կայսրություն,  ինչպիսին է ԱՄՆ-ն: Պատժամիջոցներին գումարվեց նաև նավթի համաշխարհային գների նվազումը, որն արժեզրկեց ռուսական ռուբլին՝ էլ ավելի ծանրացնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:  

 

Որոշ քաղաքագետներ ու փորձագետներ կարծում են, որ Սպիտակ Տունը կրկնում է Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի կիրառած քաղաքականությունը, երբ նավթի համաշխարհային գների արհեստական նվազման հետևանքով հիմք դրվեց ԽՍՀՄ-ի փլուզմանը: Իհարկե,  նավթի գների տատանումը չի կարող մասնատել Ռուսաստանը, սակայն չի կարելի բացառել նաև նավթի գների արհեստական անկման գործում  ԱՄՆ-ի մասնակցություը:  Եթե դա այդպես է, ապա Վաշինգտոնը լուծում է երկու խնդիր՝ առաջինը ծանրացնելով Ռուսաստանի տնտեսական դրությունը, Սպիտակ Տունը պարտադրում է Կրեմլին հրաժարվել արտաքին ակտիվ ռազմա-քաղաքական էքսպանսիայից՝ ամբողջ ռեսուրսները ուղղելով երկրի ներսում ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:  Երկրորդն ԱՄՆ-ն զրկում է արտաքին աշխարհի համար Ռուսաստանի գրավիչ լինելու հանգամանքը: Ռուսաստանն աշխատում է դուրս գալ քաղաքական մեկուսացումից՝ ձգտելով մերձավոր երկրները պահել իր քաղաքական ուղեծրում  և սերտ ու ամուր կապեր ստեղծել Լատինական Ամերիկայի ու Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների հետ:

 

Սակայն, այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանն իր հարևան երկրների ու միջազգային հանրության համար լինի գրավիչ, իսկ ներկա իրավրճակում այս երկիրն ընկալվում է փակ, ռազմականացված պետության: Արդյունքում տեղի է ունենում ֆինանսական միջոցների արտահոսք և արտաքին ներդրումների նվազում: Ռուսաստանի տնտեսութունը զուրկ լինելով նորարական տեխնոլոգիաներից, երկրի տնտեսական աճն ապահովում է ի հաշիվ նավթի բարձր գների, որի շնորհիվ բարձրացվում է ազգաբնակչության աշխատավարձներն ու կենսաթոշակները՝ բարելավելով իր քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը:

 Սակայն, նավթի գների անկումը ստեղծում է նոր դժվարություններ, երկրում աշխատավարձների բարձրացման աճը գերազանցում է աշխատանքի արտադրողականության աճին, որի հետևանքով պետությունը  չի կարողանում զարգանալ,  որովհետև արտադրած միջոցներն ուղղվում է աշխատավարձների ու սոցիալական նպաստների սպասարկման վրա:Սա նշանակում է, որ պետությունն ի վիճակի չի լինում ֆինանսական միջոցներ տրամադրել երկրի ինֆրաստրուկտուրայի զարգացմանը, որն արդյունաբերության մոդեռնիզացման կարևոր գրավականն է: Արդյունքում տեղի է ունենում տնտեսության լճացում և պետությունը կանգնում է հնարավոր ինֆլյացիայի վտանգի առաջ:

 

Ռուսաստանի նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի տվյալներով, երկիրն այս տարի չի ունենա մեկ տրիլիոն ռուբլու արտադրանք, որի պատճառով պետբյուջեում մուտք չի գործի 310 միլիարդ ռուբլի: Ըստ Կուդրինի՝  սրանք պատժամիջոցների հետևանքներն են, որի ազդեցությունը պետությունը դեռ երկար ժամանակ զգալու է:

 

Այսպիսով, Վաշինգտոնը  լուծում է իր առջև դրված խնդիրները, զսպելով Մոսկվայի ռազմա-քաղաքական էքսպանսիայի առաջխաղացումը՝ ԱՄՆ-ն ինքն է ուժեղացնում իր քաղաքական ազդեցությունն Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային հանրապետությունների տարածքներում:  Այն,  որ Ռուսաստանին սպասում են ծանր տնտեսական օրեր, արդեն պարզ է շատերի համար և դժվար է կանխատեսել, թե ինչպես է Մոսկվան դուրս գալու այս բարդ իրավրճակից: 

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից