Հոկտեմբերի 25-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին «Սանտյագո բերնաբեու» մարզադաշտում ֆուտբոլի Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակում կկայանա Մադրիդի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը:
Կլասիկոյում գրավախաղերի կազմակերպիչները ավելի մեծ են համարում մադրիդյան ակումբի հաղթելու հնարավորությունները:
Թիմերը նախկինում միմյանց հետ մրցել են 228 անգամ: «Ռեալը» 91 հաղթանակ է տարել, 89 պարտություն կրել: 48 հանդիպում ոչ-ոքի է ավարտվել:
Մադրիդցիների ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել են 11:1 հաշվով, իսկ կատալոնացիները «արքայական» ակումբի նկատմամբ առավելության են հասել 7:2 և 5:0 հաշիվներով:
Ընթացիկ մրցաշրջանում վաղեմի մրցակիցները միմյանց նկատմամբ մեկական հաղթանակ են տարել:
Մարտին «Սանտյագո բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիներն առավելության էին հասել (4:3), որից հետո արդեն «Կամպ նոու» մարզադաշտում, Իսպանիայի գավաթի եզրափակչում հաղթել են մադրիդցիները (2:1):
«Ռեալը» վերելքով է խաղում, արդեն 8 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 18 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և «Բարսելոնայից», որն առջևում է, հետ է մնում 4 միավորով:
Կլասիկոյում սպասվում է կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսի նորամուտը: Հիշեցնենք, որ ուրուգվայցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, իտալացի Կյելինիին կծելու համար, որակազրկվել էր և երկար ժամանակ պաշտոնական խաղերի չի մասնակցել:
Սակայն այդ մրցամարտում ուշադրության կենտրոնում կլինեն կատալոնական և մադրիֆդյան թիմերի աստղեր Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: