Հարցազրույց 

Պետական որևէ մարմին չի՞ հետաքրքրվել իրական փաստերի վրա հիմնված Ցեղասպանության վերաբերյալ գրքով

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հերիքնազ Կարապետյանի  հեղինակած «Մեծ մամիս հուշերը» գիրքը 1915թ-ին հայերի հանդեպ կատարված ոճրագործության ամենամեծ վկայություններից  է: Դեպքերի ականատես  Փամբուխ Գրիգորյանը, ով Մեծ եղեռնի տարիներին անցել է գաղթի երկար, տանջալից ու զրկանքներով լի ճանապարհը` «դժոխքից հրաշքով փրկվելու» իր պատմությունն ու վկայություններն է թողել իր հետնորդներին: Հուշեր, որոնք պատկերավոր նկարագրում են ատաթուրքի կողմից կատարված ոճիրը: «Մամիս դաժան ճակատագրի և կրած ահավոր զրկանքների մասին պատմությունն ակամայից ես փոխանցել եմ իմ զավակներին և թոռնիկներին»,-Analitik.am-ի  հետ զրույցում ասում է գրքի հեղինակ տիկին Հերիքնազը և շարունակում մեզ հետ կիսվել մեծ մամի հուշերով ու վերապրածով:



- Տիկին Հերիքնազ, ինչպե՞ս  կարողացաք զգացմուքները մի կողմ թողնել և սառնասրտորեն գրի առնել այս ողբերգությունը: Դրա համար, անշուշտ, մեծ ջանքեր  են  պահանջվել:



- Այդ պատմությունը գրի եմ առել դեռ փոքր տարիքից: Մեծ մամիս հիշողությունները մշտապես ուղեկցել են ինձ , ես մեծացել եմ նրանց շնչով, կոփվել և ուժ ստացել: Այդ ոգով դաստիարակվել են նաև  մեր երեխաները: Իհարկե, ցավոտ էր գրքում զետեղված դեպքերի  նկարագրությունը, սակայն արժևորելով այդ փաստերի տարածման կարևորությունն ու անհրաժեշտությունը, հաղթահարեցի այդ դժվարությունը:



- Ո՞րն էր այս գիրքը գրելու Ձեր նպատակը :




- Ես որոշեցի, որ մեծ մամիս պատմածը  պետք է գիրք դառնա , նաև դառնա հանրային սեփականություն, որպեսզի  ժողովուրդն աշխարհին ապացուցելու ևս մեկ կարևոր «փաստաթուղթ» ունենա: Այս օրերին, երբ թուրքական պետությունն ամեն կերպ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, ես իմ պարտքն եմ համարում մարդկության դատին հանձնել ցեղասպանության զոհ դարձած գերդաստանից հրաշքով փրկված մեծ մամիս վկայություններն այնպես, ինչպես որ լսել եմ հենց մամիցս` առանց որևէ բառ փոխելու: Ըստ իս, ամեն հայ, ով ունի պատմություն, պետքէ խոսի, պատմի, բարձրաձայնի աշխարհին իր տեսածն ու լսածը, քանի որ թուրքերը առիթը բաց չեն թողնում խեղաթյուրելու, կեղծելու ճշմարտությունը: 



- Չ՞եք կարծում, որ նման գրքերը, որոնք  այսօր անհրաժեշտություն են, հարկավոր է բազմացնել տարբեր լեզուներով. ավելին` դրանց հիման վրա նաև փաստագրական ֆիլմեր նկարահանել:



- Այո, շատ լավ կլինի: Մեր ժամանակներում այդ աշխատանքը ֆինանսական մեծ գումարների հետ է կապված…Գրքի առաջին մասը,  մինչև այնտեղ, երբ մամեն հասնում է Արաքս գետին և կորցնում երեխային, տարել ենք տարբեր գերատեսչություններ, Ազգային գրադարան, Մատենադարան, Կրթության, Սփյուռքի նախարարություններ, Պետական արխիվ, Ցեղասպանության թանգարան, Սոլակ գյուղի եկեղեցի /այդ հատվածը, ի դեպ, անգլերեն է թարգմանվել/: Միայն թանգարանից արձագանք եղավ.  տնօրենն ասաց, որ շատ տպավորված է : Քանի որ մոտենում է 100-ամյակը, ես կարծում եմ միջոցառումներ շատ կլինեն, իսկ պետական կառույցները պետք է որ շահագրգռված լինեն` բազմացնելու և տարծելու այս գիրքը:



- Տիկին Հերիքնազ, ի՞նչ եք կարծում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող ՀՀ ջանքերը կարելի՞ է գնահատել բավարար: Ի՞նչ քայլեր է հարկավոր իրականացնել այդ ուղղությամբ:



- Գիրքը, որը եզակի է և  իրենից  ներկայացնում է գեղարվեստական բարձր արժեք, պետք է, հատկապես,  ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, մեծ տարածում գտնի, հրապարակայնացվի: Մեզանից ինչ  հասնում էր`  արել ենք, բայց, կարծում եմ, այս գործը միայն մերը չէ, սա նաև պետությանն է վերաբերվում:  Պետությունը պետք է շահագրգռված լինի նման գրքերի բազմացմամբ, տարբեր լեզուներով թարգմանություններով: Կամ էլ,  գոնե, թող ուղղություն տան` ի՞նչ անենք: Այս պատմությունը  պետք է հասանելի դարձնել եվրոպական երկրներին, գաղթօջախներին, իսլամական երկրներին, որ աշխարհը իմանա, թե  իրականում ինչ է տեղի ունեցել: Սա մեկ ազգի նկատմամբ ոճրագործության, հանցագործության բացահայտ նկարագրությունն է, ինչպե՞ս կարելի է ուշադրություն չդարձնել այս փաստերին: Պետության դերն ամենից մեծն  է այս հարցում, պետք է ներդնել բոլոր միջոցները` ապացուցելու այն, ինչ եղել է:



- Ըստ Ձեզ, հայ-թուրքական հարաբերությունները երբևէ  կկարգավորվե՞ն:



- Կարծում եմ` ոչ: Տատս միշտ ասում էր` հայի հանդեպ  թուրքերի արյան մեջ եղած ատելությունը երբեք չի վերանա,  և որ   թուրքից միշտ պետք է զգուշանալ, ոչ մի  լավ բան չսպասել նրանից: Այդ ատելությունը  քանի գնում ահագնանում է, ի՞նչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել:



- Իսկ ի՞նչը կարող է քավել, կամ, գոնե, մեղմել հայ ժողովրդի հանդեպ թուրքերի մեղքը:



- Այն, ինչ կատարվեց 1915-ին, հնարավոր է  իր պատճառներն է ունեցել, բայց փաստը մնում է փաստ, որ իրականում թուրքերի կողմից տեղի է ունեցել հանացագործություն:  Այդ իսկ պատճառով, Թուրքիան պետք է իր ժողովրդի համար հասանելի դարձնի ճշմարտությունը: Նա չի ուզում ընդունել կատարված ոճիրը, քանի որ, այդ դեպքում,  փոխհատուցման, տարածքների և այլ հարցերի պահանջներ կառաջանան, ինչը  խնդրի առաջ կկանգնեցնի նրան: Դա է միակ պատճառը, որ իսլամական պետությունն անում է ամեն ինչ, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը և չխորացվի այդ հարցի քննությունը:



Մինչդեռ, այս դարավոր թշնամությունը ոչ մեզ է ձեռք տալիս, ոչ իրենց:  Այսօրվա նրանց բռնած դիրքը նույն ցեղասպանության շարունակությունն է: Այն ժամանակ էլ էին նույն կերպ մտածում, այսօր էլ: Ուստի, հարկավոր է նմանատիպ գրքերի միջոցով թուրք ժողովրդին տեղեկացնել իրական պատմությունը. Այդ մասին պետք է իմանան մեծից փոքր:



Այսօր, թուրք  երեխաներին այնպես են դաստիարակել, որ նրանք մտածում են, թե հայերն են իրենց կոտորել: Նույնիսկ հայերի ձեռքով զոհված թուրքերի հուշարձան  ունեն կանգնեցրած: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է սա նշանակում:



- Դուք կարծում եք` երկու ազգերի միջև երբևէ հաշտություն չի՞ կարող լինել:



- Թուրքերին  հաշտության ձեռք պետք է մեկնել միայն նրանց կողմից ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման դեպքում: Հանցագործությունը պետք է դատապարտվի և պատժվի աշխարհի կողմից: Գրքի ավարտն էլ հենց դա է հուշում, որ պետք է լինել պահանջատեր: Դա էր քնած թե արթմնի երազում  մեծ մամեն` շշնջալով սիրված երգի տողերը` «քելե լաո՛, քելե էրթանք մըր էրգի՛ր…» :



Հասմիկ Մովսիսյան

 

 

 

 

 

Նույն շարքից