Իրավական 

Չկա սահմանադրական ճգնաժամ, չկա նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. Գուրգեն Արսենյան

analitik.am

Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն: Այս հայտարարությունը արել է «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքը: 

Այս համատեքստում ընդգծվում է, որ ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջև չկան, ինչի մասին իր խոսքում ընդգծել է Գուրգեն Արսենյանը:

«... Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»,- հայտարարել է Գուրգեն Արսենյանը:

«Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները»,-իր հերթին համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում ևս շարունակվելու են:

«Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ»,-հանդիպման ավարտին ամփոփել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Հաղորդվում է նաև, որ «Բարգավաճ Հայաստան»-ի 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի՝ համախմբման ու հասարակական-քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձևավորելու կոչը շարունակում է լայն արձագանք ստանալ։

Նույն շարքից