Մշակույթ 

Ոչնչանում է 1200 արվեստի գործ, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը լռում է

analitik.am

Արդեն երկար ժամանակ է համացանցն ահազանգում է Ֆրանսիայի հայկական թանգարանի կործանման մասին, իսկ սոցցանցերում թևածող «Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը» վերնագրով հրապարակումը կարդում ու անցնում ենք առաջ:

 

Հրապարակման հեղինակները Հայկական թանգարանի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներն են, որոնք խնդրում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին «հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները տվյալ մշակութային ժառանգության հանդեպ և վերաբացել Հայկական թանգարանը»:

 

 

Թանգարանը, որը բացվել է 1953 թվականին Փարիզում, այսօր արդեն չի գործում:

 

2011 թվականի օգոստոսին թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները` հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Սակայն, շենքի վերանորոգման ավարտից հետո Հայկական թանգարանի վերադարձն արգելվել է: Թանգարանը դիմել է պետական համապատասխան ատյաններին, հորդորել նախարարությանը կատարել իր պարտավորությունները, սակայն, անարդյունք:

 

«2014թ շենքում միտումնավոր փոխվել են փականները։ Ներկա դրությամբ Հայկական թանգարան մուտք գործելն անհնար է, ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել ներսում մնացած հավաքածուի մի մասը», - ասվում է հրապարակման մեջ: Մշակութային այդ ժառանգությունն ունի 3000 տարվա պատմություն և ընդգրկում է Մեծ Եղեռնը վերապրածների շուրջ 1200 արվեստի գործ:
«Ֆրանսիայի Հայկական թանգարանը Հայ Ժողովրդի ճակատագրի վկաներից մեկն է։ Այսօր մշակութային այդ ժառանգությունը անհետանում է։ Նրա լուռ գերեզմանափորը իշխանությունն է, որն, ի դեպ, պատրաստվում է 2015 թվականին՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշում են հեղինակները:

 

Խնդրի վերաբերյալ Analitik.am-ը ՀՀ Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել թանգարանի ցուցանմուշները «փրկելու» համար: Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ Ֆրանսիայի պատկան մարմինները բանավոր խոստացել էին, որ ցուցասրահի վերաբացումից հետո «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» հավաքածուն կվերադարձվի ցուցասրահ (այդ մասին նախարարությանը տեղեկացրել է պարոն Ֆրինգյանը՝ 2013 թ. հունվարի 22-ի իր նամակով): Պարոն Ֆրինգյանը նաև տեղեկացրել է, որ թանգարանի վերաբացումից հետո, ցուցանմուշները ցուցասրահ չեն տեղափոխվել, այլ շարունակում են մնալ պահեստներում, ինչի վերաբերյալ նա գրավոր պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

 

Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության՝ հարցի լուծումը փոքր-ինչ բարդ է, քանի որ հանդիսանալով մասնավոր կառույց «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանը» հնարավորություն չունի օգտվել պետական օժանդակությունից: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, վերջինս խնդրի առնչությամբ որևէ նախաձեռնություն չի դրսևորում` լուծումը թողնելով Գիմե թանգարանի ղեկավարությանը:

 

Ունի՞ արդյոք ՀՀ Մշակույթի նախարարությունը որևէ պարտավորություն այս հարցում, և ի՞նչ պետք է անի, որ չի անում:

 

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Analitik.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ թեև տեղյակ չէ խնդրից, սակայն հասկանում է, որ պետք է մի բան անել «Կարող է հարցը բարդ է, բայց չպետք է թողնել այդ վիճակում: ԱԳՆ-ի և այնտեղի հայկական դեսպանատան հետ միասին պետք է մի բան մտածել: Յուրքանչյուր պետություն պարտավոր է իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությանը տեր կանգնել, հոգալ բոլոր խնդիրները»,-կարծիք հայտնեց ճարտարապետը:

 

Հ.Գ. Եթե նույնիսկ հասկանալի է Ֆրանսիայի իշխանությունների լռությունը, ապա բացարձակ անհասկանալի է հայ համայնքի լռությունն ու անտարբերությունը: Ո՞ւր մնացին հայրենասիրական ճառասացները: Ախր հայկական սուրբ նշխարներ են ձեռքից գնում (թեպետ, մշակույթի նախարարության անտարբեր կեցվածքը ցանկացած հարցի վերաբերյալ, նորություն չէ): Կամ էլ` ինչի՞ մասին է խոսքը. ՀՀ մշակույթի նախարարությունն իր երկրի մշակութային ժառանգությանը տեր չի կանգնում, էլ ո՜ւր մնաց` օտար հողում գտնվողին:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից