Վերլուծական 

Ոչ իշխանական եռյակի պայքարի քաղաքական նրբերանգները

analitik.am

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից անցկացրած հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Հանրապետականները գնահատական տալով հանրահավաքին,  փորձում էին պահպանել վստահ ու անվրդով կեցվածք, սակայն,  երբեմն-երբեմն ի հայտ էին գալիս անհանգստության և նյարդայինության նշաններ:

 

 Իր հերթին ընդդիմադիր դաշտի այլ՝ հատկապես արևմտամետ ուժերը, թերահավատորեն էին վերաբերում սկսած գործընթացին,  համարելով որ ԲՀԿ-ն պարզապես փորձում է գալ իշխանության, որի դեպքում չի բացառվում, որ  երկրի նախագահ կդառնա ներկայիս վարչապետը: Ինչ վերաբերվում է վարչապետին, ապա այստեղ կարելի է արձագանքել Էդուարդ Շարմազանովի ոճով՝ խնամիական կապերը քաղաքական կատեգորիա չեն և դժվար թե Գ. Ծառուկյանն ամբողջովին ներգրավվի այս քաղաքական պայքարի մեջ,  վերցնելով իր վրա հսկայական պատասխանատվություն՝ միայն նրա համար,  որպեսզի  բավարարի իր խնամու նախագահական ամբիցիաները:

 


 Ներկայիս վարչապետը նախագահ դառնալու շանսեր  կունենար միայն մեկ դեպքում, եթե ստանար Ս. Սարգսյանի համաձայնությունը, իսկ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կդառնային իրավահավասար կոալիցիոն գործընկերներ: Բայց կյանքը ցույց տվեց, որ նախագահն առանձնապես շահագրգռված չէ իր իրավահաջորդը տեսնել վարչապետին, իսկ ԲՀԿ-ն չի համաձայնվի ստանձնել ՀՀԿ-ի կրտսեր եղբոր դերը: Իշխանության համար պայքարելու ընդդիմադիր այլ ուժերի արտահայտած կարիքի կապակցությամբ, պետք է հիշեցնել, որ բոլոր կուսակցությունները ձգտում են գալ իշխանության ու կյանքի կոչել իրենց ծրագրերը, սա համարվում է բնականոն քաղաքական գործընթաց և այստեղ ԲՀԿ-ն բացառություն չէ: Սակայն կարևոր է այլ հանգամանք, թե տվյալ կուսակցությունը ստանձնելով երկրի իշխանությունն՝  ինչպիսի՞ քաղաքական գործելաոճ կորդեգրի:


 

ԲՀԿ-ի առաջնորդը ՄՕԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիս տալու ժամանակ, հայտարարեց, որ իրենք դեմ են երկրում միանձնյա և միահեծան իշխանությանը: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն պատրաստ է երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների լուծման ժամանակ  հաշվի նստել այլ քաղաքական ուժերի ու հասարակական շրջանակների դիրքորոշումների հետ: Եթե դա այդպես լինի, ապա ԲՀԿ-ի ստանձնած գործելաոճը հիմնովին կտարբերվեր հանրապետականների որդեգրած գործելաոճից:

 

   Ոչ իշխանական եռյակն իր քաղաքական պայքարի գլխավոր նպատակը համարելով ամբողջական իշխանափոխությունն՝ ակտիվացրեց և նոր լիցք հաղորդեց երկրի քաղաքական կյանքում: Սա թույլ է տալիս հասարակությանը չընկղմվել  քաղաքական լճացված իրավիճակի մեջ՝ նպաստելով զերծ մնալ բացասական հետևանքներից: Նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների գործընթացի սառեցումն առնվազն մինչև գարուն, ոչ իշխանական ուժերը վերագրեցին հոկտեմբերի 10-ի հուժկու հանրահավաքի ազդեցության հետ: Այն, որ սահմանադրության փոփոխությունը՝ այն է նախագահականի համակարգից անցումը խորհրդարանականի, իրագործվում է միայն Սերժ Սարգսյանի իշխանությունն երկարաձգելու համար, բոլորի համար ակնհայտ է: Խորհրդարանական համակարգի դեպքում երկրի իշխանությունն ամբողջապես կենտրոնանալու է պառլամենտական ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժի վերնախավի ձեռքում:

 

Մի պահ պատկերացնենք, որ ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրում Էդուարդ Շարմազանովին, վարչապետի պաշտոնին է նշանակում Կարեն Ճշմարիտյանին, իսկ ԱԺ խոսնակ է դառնում Վահրամ Բաղդասարյանը, այստեղ հարց է ծագում, ո՞վ է երկրի իրական ղեկավարը:



Պատասխանն ակնհայտ է՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Ս. Սարգսյանը: Եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերին հաջողվի կասեցնել սահմանադրական բարեփողումները, ապա վերջիններս կարևոր քայլ կանեն հանրապետականներին իշխանությունից հեռացնելու գործում: Մնում է հուսալ, որ եռյակը հավատարիմ կմնա ժողովրդի առջև ստանձնած իր խոստումներին և ընդդիմադիր այլ ուժեր կմիավորվեն այս պայքարին: Հակառակ պարագայում՝ սահմանադրության փոփոխության հետևանքով Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, որի արդյունքում վիճակագրական տվյալների համաձայն, մեր պետության միայն երեք ցուցանիշ կգրանցի աճ՝ արտագաղթ,աղքատության աճ և արտաքին պարտքի ավելացում:   




Սարգիս Լևոնյան   

Նույն շարքից