Իրավական 

Ո՞վ է թույլ տվել «կաշառված» դատավորին, դատախազին և փաստաբանին արատավորել ՀՀ դատական համակարգը

analitik.am

Մասիս քաղաքում գտնվող Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի և ամբաստանյալ, նույն մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը:


Այս խեղկատակությանը, որ կոչվում է դատաքննություն, անդրադարձել են գրեթե բոլոր ԶԼՄ-ները: Սակայն բոլորը բաց են թողել մեր իրականության մեջ աննախադեպ մի բան:


Ամբաստանյալ Արթուր Զադոյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածով, և զարմանալին այն է ,որ երեք հոդվածների վաղեմության ժամկետները անցել են, դրան գումարած նաև համաներման ակտերը: Այսինքն, բավական էր միայն Ա.Զադոյանը չընդունելով իր մեղքը, ընդամենը համաձայնվեր վաղեմության ժամկետի կիրառմանը և դատական նիստը չէր կայանա, իսկ նա հանգիստ կգնար տուն:


Սակայն վերջինս ընտրեց այլ տարբերակ՝ չհամաձայնվեց վաղեմության ժամկետի կիրառմանը և մտավ դատաքննություն: Առաջին հայացքից թվում է ,թե վերջինս փորձում է պատժել Կ.Կարապետյանին 5 տարի առաջ արձակած կրակոցների համար,սակայն մի քիչ մտորելով հասկանում ես,որ պատճառը դա չէ:

Իսկ պատճառը հայ տեսակի ենթագիտակցության մեջ է,որ ինչքան էլ ճնշես,այնուամենայնիվ հայը մնում է հայ,և նրա պոռթկումը միշտ է անկանխատեսելի: Ավելի պարզ ասում է մեր հին ասացվածքը «Ավելի լավ է, ասեն գեշ եմ, քան թե ասեն էշ եմ»:


Փաստացի Զադոյանը, չգիտեմ դիտավորյալ,թե ենթագիտակցորեն, չհամաձայնվելով վաղեմության ժամկետի կիրառմանը, ջրի երես հանեց ՀՀ Արդարադատություն իրականացնող պետական ատյանների այն փտած հատվածին, որն անկարող է նույնիսկ գործ սարքել:


Դատական նիստի ժամանակ տեսնելով դատավորի, մեղադրող դատախազի և «Տուժողի» ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի վիճակը ակամայից կարեկցում էինք նրանց և միակ բանը,որ ուզում էինք գոռալ նիստի ժամանակ դա հետևյալն էր. «Զադոյան հերիք է,համակերպվիր, նրանք էլ են մարդ, մի տանջիր նրանց, չէ՞ որ անկախ պատվերի շրջանակների իրենք հո գիտեն ինչ են անում, նրանք հո գիտեն իրականությունը, իրենց չեղած հոգու խորքում, մի տանջիր առանց այդ էլ արդեն իսկ կորսված նրանց հոգիները»:


Տեսնել էր պետք այս 37 թվականի եռյակի հուսահատությունը, երբ «Արժանահավատ» վկան ակամայից փորձեց իրական ցուցմունք տալ, նրանց փորձերը վկային սցենարի դաշտ բերել արժանի էին միայն կարեկցանքի, և վերջապես, մի կերպ թքել կպցնելով, իրենց ցանկալի արդյունքին հասնելուց հետո, նրանց աչքերում մի թեթև փայլ առաջացավ:


Եվ իզուր էին նեղսրտել Զադոյանը և իր շահերի պաշտպանը, երբ Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որի հիմքը «տուժող» Կ.Կարապետյանի անհարգալից վերաբերմունքն էր դատարանի նկատմամբ և Դատարանի անզորությունը: Դատարանը օբյեկտիվորեն գտավ, որ արժանի էր այդ վերաբերմունքին, երևի թե ամբողջ պրոցեսի ընթացքում դա դատավորի միակ արդարացի որոշումն էր:


Իսկ ամբողջ պրոցեսի ամենամեղկալի երևույթը »տուժողի» ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանն էր այն ժամանակ, երբ ամբաստանյալի պաշտպանը ընդամենը միջնորդեց դատարանին հարցում անել, թե արդյոք «Արժանահավատ» վկաների ներկայացուցիչ Վահագն Բաբայանը եղել է Կրոմվել Գրիգորյանի աշխատակիցը, թե ոչ: Պետք էր տեսնել, թե ինչպես էին փրփուրը բերաններին դատախազը և Կրոմվելը առարկում միջնորդությանը, իսկ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը օբյեկտիվ համարող դատավորը, փոխարեն հարցներ նիստին ներկա Կրոմվել Գրիգորյանին իրականությո՞ւն է դա, թե ոչ, ուղղակի հետաձգեց միջնորդության քննարկումը:


Այս դատավարության ընթացքում իրապես բացահայտվեցին այն դեմքերը, ովքեր պախարակում են մեր դատական համակարգի անունը, ինչի արդյունքում էլ ՀՀ քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ զգալիորեն նվազում է: Նման խեղկատակությամբ զբաղվող դատավորներին, դատախազներին և փաստաբաններին ուղղակի պետք է մաքրել դատական համակարգից, այլապես այսօրինակ մարդիկ են հենց փչացնում արդարադատության ոլորտի այն ներկայացուցիչների գործը, ովքեր իրապես ցանկանում են բարեփոխումներ անել:

Նույն շարքից