Հայաստան 

Ո՛չ Թուրքիայում հանգստին. ակցիա Երևանում

analitik.am

«Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում այսօր  «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում  տեղի ունեցավ «Ո ́չ Թուրքիայում հանգստին» ակցիա, որի ընթացքում կազմակերպիչներն անցորդներին կոչ արեցին չմեկնել Թուրքիա հանգստի:

Ակցիայի շրջանակներում անցորդներին նաև առաջարկեցին լուսանկարվել հատուկ պաստառի մոտ: Լուսանկարները կտեղադրվեն «Բարձրաձայնում» ֆեյսբուքյան էջում:

Նոյեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ մեկնարկեց Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում դրամաշնորհ շահած «Բարձրաձայնում» ծրագիրը:

«Առանձնակի տեղ է հատկացված Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ծրագրերի համար, դրանցից մեկն այս ծրագիրն է: Հանձնաժողովի կողմից այս ծրագիրը միաձայն անցավ: Առաջին հայացքից թվում է, թե ինչ կապ ունի Թուրքիայում հանգստանալը Ցեղասպանության տարելիցի հետ։ Իրականում կապ ունի, ամեն դեպքում Հայաստանից գումար է դուրս գալիս և գնում Թուրքիա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: 

Ծրագրի նախաձեռնողները այցելել են նաև զբոսաշրջային գործակալություններ՝ կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիա հանգստի և ժամանցի նպատակով մեկնողներին տրամադրվող փաթեթների վաճառքը:

«Եղել է գաղափարը, դիմել ենք և շահել: Ծրագիրը բավականին լայն տարածում է ստացել, մենք դասընթացներ ենք իրականացրել, այցելել ենք տուրիստական կազմակերպություններ, այսօր որոշել ենք ֆլեշմոբ իրականացնել և ներգրավել քաղաքացիներին»,-ասաց «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը՝ ավելացնելով, որ կազմակերպությունը նման ակցիայով սթափեցման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին:

Նույն շարքից