Վերլուծական 

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն սպառնում է Բրիտանիայի հազարամյա միապետությանը

analitik.am

Սեպտեմբերի 18-ին շոտլանդական ժողովուրդը հանրաքվեի միջոցով կորոշի Շոտլանդիայի ապագա ճակատագիրը: Վերջին հարցումների տվյալներով,  Շոտլանդիայի ազգաբնակչության մեծամասնությունը ցանկանում է անկախանալ Մեծ Բրիտանիայից և ստեղծել անկախ, ինքնիշխան պետություն: Աշխարհաքաղաքական տեսանկյունից, Շոտլանդիայի անկախացումը բացասական հետևանքներ կունենա Մեծ Բրիտանիայի համար, կթուլանա Լոնդոնի քաղաքական կշիռը միջազգային համայնքում, իսկ տարածքի 1/3 անջատումն և ամբողջ բնակչության մոտ 10 % նվազումը մեծ հարված կլինի տնտեսության համար: Այս պատճառով բրիտանական կառավարությունը՝  վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում է հետ պահել շոտլանդացիներին անկախության ճանապարհից,  խոստանալով նրանց տնտեսական և սոցիալական արտոնություններ, սակայն վերջիններս ամենայն հավանականությամբ, կմնան անդրդվելի:

 

 Ով կմտածեր, որ 1996թ. Մել Գիբսոնի նկարահանած «Քաջարի սիրտը»  պատմական դրաման կարող  է նման ազդեցություն ունենալ և ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շոտլանդացիների համար երկրի անկախության գործընթացում: Շոտլանդիայի անկախացումն ոչ միայն ծանր հարված կլինի Մեծ Բրիտանիայի տնտեսությանն ու քաղաքական կշռին, այլև կունենա հեռու գնացող անցանկալի հետևանքներ, որոնք կարող  են փոխել Անգլիայում հազարամյակից  ավելի գործող ավանդական և հասարակական կարգը:

 

Շոտլանդիայի անկախացման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ը: Պարզ չէ՝  անկախության դեպքում Շոտլանդիան կդառնա միապետությու՞ն՝ ճանաչելով միապետի ձևական, բայց պաշտոնապես ճանաչված գերագույն իշխանությունը, ինչպես Ավստրալիայում է, Կանադայում և բրիտանական համագործակցության այլ երկրներում, թե՞  կհռչակվի հանրապետություն ու լիովին ձեռք կբերի անկախություն: Ճիշտ է,  ներկայումս պաշտոնական Էդինբուրգը հայտարարում է, որ երկիրը չի հրաժարվի միապետության իշխանությունից, սակայն չի բացառվում որ հետագայում շոտլանդացիները չցանկանան ապրել Վինձորների իշխանության ներքո: Եթե Շոտլանդիան հռչակվի հանրապետություն, շոտլանդական տարածքում առկա Վինձորների ամբողջ ունեցվածքը՝ դղյակները, ամրոցները, հսկայական հողային տիրույթները, մեծ հավանականությամբ կազգայնացվեն: Սակայն Վինձորներին միայն հսկայածավալ ունեցվածքի կորուստը չի անհանգստացնում, շոտլանդացիների միապետական կարգերից հրաժարումը կսասանի նաև բրիտանական միապետության վարկը: Այդ որոշումը կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ և բրիտանական կայսրության նախկին գաղութները կարող են ցանկանալ հրաժարվել թագուհու իշխանությունից, որը կթուլացնի Բրիտանիայի կշիռը միջազգային ասպարեզում:

 

Մի քանի տարի առաջ Ավստրալիայում անցկացվեց բրիտանական միապետությունից հրաժարվելու վերաբերյալ հանրաքվե, սակայն ավստրալիացիները չցանկացան փոխել ձևավորված կարգերը, իսկ Շոտլանդիայի անկախացումը կարող է նոր խթան առաջացնել միապետական կարգերի վերացման կողմնակիցների մոտ: Գործընթացների նման զարգացման պայմաններում՝ արդեն բուն Անգլիայում,  կբարձրանա միապետական կարգերի պահպանման անհրաժեշտության հարցը:

 

Անգլիայի հասարակական որոշ շրջանակներում երկար ժամանակ է, ինչ ցանկանում են հրաժարվել միապետությունից, քանզի թագավորական ընտանիքի պահպանումը հսկայական ֆինանսական բեռ է պետբյուջեի վրա: Բրիտանիայում հակամիապետական ցանկությունները հատկապես ուժեղացան արքայադուստր Դիաննայի ողբերգական մահվան ժամանակ, որում հասարակությունը լռելյայն մեղադրում էր թագավորական ընտանիքին՝ թագահու գլխավորությամբ: Արքայադուստր Դիաննայի անհաջող ամուսնությունը, անձնական դժբախտությունը կարեկցանք էր առաջացնում միլիոնավոր մարդկանց սրտերում և դժգոհություն Վինձորների նկատմամբ: Չնայած՝  արքայազն Ուիլյամի ամուսնությունն ու փոքրիկ գահաժառանգի ծնունդը մեծ խանդավառություն առաջացրեցին ամբողջ Բրիտանիայում ու շեշտակիորեն նվազեցրեցին հակամիապետական տրամադրությունները, սակայն Շոտլանդիայի անկախությունը կարող է նպաստել միապետական կարգերից հրաժարվելու պահանջների առաջացմանը: Ուստի,  սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրաքվեում որոշվելու է ոչ միայն շոտլանդացիների ապագա ճակատագիրը,  այլև արքայազն Ուիլյամի և նրա առաջնեկ փոքրիկի  ապագա ճակատագիրը:      

 

Սարգիս Լևոնյան 

Նույն շարքից