Հիշում եմ և պահանջում 

Շիրակում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների շարքը

analitik.am

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի և Գյումրու ժողովրդական նվագարանների պետական համույթի համատեղ համերգով հոկտեմբերի 20-ին 
Շիրակի մարզում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարքը:

Համերգի ընթացքում Գյումրիում առաջին անգամ հնչել է Ռուբեն Ալթունյանի «Թափուր անդաստան» ստեղծագործությունը: Գրական-գեղարվեստական երեկույթին կատարվել են դասական ու ժողովրդական երգեր ու մեղեդիներ, պարային համարներ: Համերգին ներկա են եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Համերգի նախաձեռնության և սցենարի հեղինակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ համերգը ոչ միայն ազգի ցավն ու վիշտը ներկայացնելու, այլ նաև ուժն ու դեպի առաջ գնալու կարողությունը ընդգծելու գաղափարն ուներ:

«Սա ոչ միայն ողբ ու ցավ էր, այլև խրոխտություն, ապրելու տենչ, մեծ հույս ու հավատ, հայի կամքն ու վաղվա օրը»,- նշել է Հասմիկ Կիրակոսյանը:

Ի դեպ, համերգի ընթացքում ազգի շարունակականության խորհրդանիշը 5-ամյա Էդուարդն է եղել, ով բեմից իրեն Հայկ է կոչել և խոստացել ամուր պահել հողն ու եռագույնը, որ «ոչ ոք ծուռ չնայի»:

Համերգի ռեժիսորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Համերգը կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ:

Նույն շարքից