Հայաստան 

Շարունակվել է անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը

analitik.am

Պատգամավորները շարունակել են քննարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: Խորհրդարանականները շարունակել են հարցերով դիմել հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն. պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արփինե Հովհաննիսյանը փաթեթի որոշ դրույթների լրամշակման եւ հստակեցման նպատակով ներկայացրել են առաջարկներ:



ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի դրույթներին եւ նշել, որ դրանցից շատերը հստակեցման կարիք ունեն եւ կարող են հնարավորություն տալ՝ անձնական տվյալները փոխանցելու երրորդ անձանց կամ երկրների: Խմբակցության ղեկավարն իրազեկել է, որ դեմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին, քանի որ որոշ մտահոգություններ ունեն՝ կապված անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեության եւ նրա կողմից անձնական տվյալների տնօրինման հետ:



Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել են առաջարկներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Նույն շարքից