Հարցազրույց 

Շարմազանովի՝ եզդիներին տված խոստումը մնում է օդից կախ.Սաշիկ Սուլթանյան

analitik.am

Շարմազանովի՝ եզդիներին տված խոստումը մնում է օդից կախ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն Շարմազանովի խոստումը մնում է օդում կախված: Փետրվարի 25-ին՝ հանդիպման ժամանակ, Է. Շարմազանովը խոստացել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվեր եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների եւ պատմական փաստերի ուսումնասիրությամբ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ աշխատանքային խմբի առաջին նիստը պետք է տեղի ունենար անցած երեքշաբթի՝ մարտի 3-ին, սակայն այդպես էլ տեղի չունեցավ: Պատճառը. «Զանգերին չէին պատասխանում: Անհետեւողական էին»,- կարծում է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոնի» նախագահ Սաշիկ Սուլթանյանը, որը եւս ներկա էր ԱԺ փոխնախագահի հետ հանդիպմանը:


Analitik.am-ի հետ զրույցում Սաշիկն ասաց, որ որ իրենց մի քանի օր առաջ հաջողվել է կապվել Շարմազանովի օգնականի հետ: Վերջինս հորդորել է սպասել մինչեւ մարտի 19-ը. Այդ օրը Շարմազանովի գլխավորածպ ատվիրակությունը Չեխիայից կվերադառնա Հայաստան: Հիշեցնենք, որ Է. Շարմազանովի եւ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ ԱԺ քառօրյա նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» օրենքի նախագծի մերժումից հետո: Անդրադառնալով այդ նախագծին Սաշիկ Սուլթանյանը նշեց. «Չեմ կարող նշել թե ինչու մերժվեց Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը , որովհետև տիրապետում եմ այն ինֆորմացիային , որին տիրապետում եք դուք: Փոխարենը կարող եմ նշել , որ օրինագծի չընդունմամբ խեղաթյուրվեց իրականությունը և եզդիների ցեղասպանությունը , որը պատմական փաստ է , ՀՀ քաղաքական բարձրագույն ամբիոնի տարբեր տրամաչափի գործիչների կողմից կասկածի տակ դրվեց , այդ թվում նաև հաճախ դիլետանտական մակարդակի պարզաբանումներով: Այն , որ եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել պատմական փաստ է , դա ոչ իմ կարծիքն է ոչ էլ օրինագծի համար պայքարող մյուս ընկերների: Փաստացի ԱԺ-ն չըընդունեց իրականությունը, այն իրականությունը , որի միջով նաեւ հենց հայերն են անցել, ինչը, կարծումեմ, 100 տարի Ցեղասպանության ընդունում շեփորող պետության քաղաքական վերնախավին հարիր չէր»: Սաշիկը հակադարձեց հանրապետականների այն կարծիքին, թե « ուսումնասիրված չեն այդ փաստերը ». « Փաստերը ուսումնասիրված են բավականին:


Փոխարենը՝ համակարգված չեն: Զարուհի Փոստանջյանը փորձել էր դրանք համակարգել: Եթե իրոք թերի էր , ինչո՞ւ հաջորդ օրինագծում հանրապետականները չհամակարգեցին ու չներկայացրեցին: Կարծում եմ՝ խնդրի լուծման բարդ լինելը չպետք է պատճառ դառնար փաստերը խեղաթյուրելու համար: Նույնիսկ եթե օրինագիծը թերի էր, կարծում եմ՝ մեզ համար այսչափ կարեւոր պատմական ժամանակաշրջանում պիտի դրանք արդեն ուսումնասիրված լինեին: Չէ՞ որ եզդիներն էլ Արեւմտյան Հայաստանի մի մասնիկն են եղել եւ եզդիների ցեղասպանությունն էլ անմիջապես ասոցացվում է հայերի ցեղասպանության հետ: Կամ ինչպե՞ս եղավ, որ ասորիներինն ու հույններին հասցրեցին բավարար չափով ուսումնասիրել ՝ եզդիներինը՝ ոչ»:

Նույն շարքից