Հարցազրույց 

Նույն թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Corriere Della Sera-ին

analitik.am

Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական Corriere Della Sera թերթին՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի և Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին:


«Եթե միջազգային հանրությունը հավաքական կերպով արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, մենք այլ 20-րդ դար կունենայինք, և հնարավոր է՝ այսօր չէինք խոսի այն մասին, թե ինչ է կատարվում քրիստոնյա փոքրամասնությունների հետ Միջին Արևելքում: Հայտնի է, որ Հոլոքոստի դեպքում Հիտլերը ցեղասպանության մտադրության մասին առաջին անգամ բացահայտ ասել է 1939 թվականին, երբ հրապարակավ հարցրել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Միտում կա թերագնահատելու 20-րդ դարի դասը, և շատ հաճախ շահերը գերակայում են արժեքներին»,- ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:


Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Հայաստանը պատրաստվում է հիշատակել այն՝ կոչով դիմելով աշխարհին:


«Հարյուրամյա տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանը քաղաքական հանձնառության խնդրանք է, և մենք ունենք այն անելու բարոյական իրավունք: Նման հանցագործությունների կանխարգելումը և դատապարտումը չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական շահերին: 20-րդ դարը դաս է՝ տեսնելու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչ մենք խնդրում ենք: Ցավոք, վախենամ, որ ցեղասպանությունների դարն ավարտված չէ: Միջին Արևելքում, որտեղ հիմնական թիրախում են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մենք ականատես ենք ցեղասպանության գործողության սկզբի: Մենք հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ է հավաքական ջանք գործադրել»,- ասել է Սերժ Սարգսյանը:


-Ինչո՞ւ հարյուր տարի անց դեռ այդքան դժվար է միաձայն համաձայնության գալ, թե ինչ է տեղի ունեցել, մինչդեռ կա որոշակի լռություն և ոչ միայն Թուրքիայի կողմից:

 

-Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, նույն թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին: Անկարան նույնիսկ ընդունում է, որ եղել են հայ քաղաքացիական բնակչության սպանություններ: Որոշ պետություններ դա կոչում են ցեղասպանություն, որոշ պետություններ՝ կոտորածներ,որոշները՝ ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիայի հետ նրանց շահերով:


-Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները շատ դրական փուլում են: Վերջին 4 տարիների ընթացքում առևտրաշրջանառության տարեկան ծավալը փաստացիորեն կրկնապատկվել է՝ 127 միլիոն դոլարից հասնելով 214 միլիոն դոլարի: Ի՞նչ եք ակնկալում ապագայում։


-Մեր երկու երկրներին միավորում են ուժեղ շահերը, ինչպես նաև նույն համամարդկային արժեքները: Ընդամենը 24 տարի է, ինչ մենք դիվանագիտական կապեր ունենք, բայց մեր հարաբերությունները հիմնված են հազարամյա անցյալի վրա: Հռոմի հետ առևտրային հարաբերություններում մենք միայն վերագործարկում ենք հնագույն մի բան՝ դեռ միջին դարերից սկսած, երբ իտալական քաղաք-պետությունները գործում էին հայ վաճառական ցանցերի երկայնքով մեկ: Ես վստահ եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի մինչև հաջորդ կրկնապատկումը՝ օտարերկրյա ընկերությունների համար առավելությունների և հնարավորությունների առումով մեր գործարար միջավայրի զարգացման շնորհիվ:


-Արևմտյան Եվրոպայի երկրների և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը բացառություն է: Հունվարի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ եք: Բայց, միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի համար բանակցությունների առաջավոր փուլում եք: Ինչպե՞ս են այս երկուսն իրար հետ համաձայնեցվում: Եվ մտաբերելով Ուկրաինային, որտեղ երկու ուղիների միջև հակադրությունից ծնվեց ճգնաժամը, կարո՞ղ է Հայաստանը մոդել լինել:


-Տասնամյակներ շարունակ հայկական տնտեսությունը սերտորեն ինտեգրված է եղել նախկին Խորհրդային միության երկրների տնտեսություններին: Առևտրային մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեր արտահանած ապրանքների մեծ մասն ունի բնական սպառման շուկա: Մյուս կողմից՝ մենք զրկված ենք էներգետիկ ռեսուրսներից, ներկրում ենք գազ և նավթ Ռուսաստանի Դաշնությունից: Եվրասիական միություն մտնելով՝ մենք ձեռք ենք բերել էներգիայի համար շատ բարենպաստ գներ: Տրամաբանական և ռացիոնալ որոշում է: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերություններին, վճռորոշ է մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ի ներդրումը: Հետևաբար՝ մեր ընտրությունների հիմքում շահերի և արժեքների միջև համադրությունն է: Մենք պրագմատիկ ենք: Կարևորը մեր բոլոր գործընկերների հետ անկեղծությունն է: Ինչ վերաբերում է մոդելին, ես այսօր չեմ կարող ասել այդ մասին: Ժամանակը կլինի լավագույն դատավորը: Բայց մի բանում վստահ եմ. ապագայում մենք կհասնենք Եվրասիական միության և ԵՄ-ի միջև շատ սերտ համագործակցության հաստատման:


-Եվ Հայաստանը կլինի կատալիզատորի դերո՞ւմ:


-Արտաքին քաղաքականության մեր ռազմավարական կոնցեպտի հիմքում հակադրությունը չէ, այլ համագործակցությունը և համաշխարհային ուժային կենտրոնների միջև սիներգիան: Մեկ այլ օրինակ բերեմ. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր երկրներից մեկն ենք, որը ներառում է նախկին Խորհրդային միության որոշ երկրներ, բայց, միևնույն ժամանակ, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ:


Իտալերենից թարգմանեց Մերի Միքայելյանը։


Աղբյուր՝ tert.am

Նույն շարքից