Բիզնես 

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ. ԱՎԾ

analitik.am

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Ցուցանիշը այսօր հրապարակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Պարենային ապրանքների նոյեմբերին աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը բարձր է 2.6%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 3.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.3%-ով, ծառայությունների սակագներինը` 2.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 2.8%-ով, 1.8%-ով , 1.7%-ով և 5.3%-ով:

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.5%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:

Պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7% գնաճով: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ լոբու՝ 35.3%, վարունգի՝ 37.9%, կանաչ պղպեղի`47.3%, լոլիկի 76.4%, սմբուկի 2.4 անգամ գնաճով:

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.9%, ճակնդեղի՝ 1.3%, կաղամբի՝ 1.8%, սխտորի՝3.4%, գազարի` 4.0%, գլուխ սոխի՝ 4.6%, կարտոֆիլի` 13.3%, կանաչ սոխի՝ 13.7%, խառը կանաչեղենի 16.0% գնաճ:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2014թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

 

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17.0% գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9% գնանկում:

 

Մրգի ապրանքախմբում 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4%, չամիչի՝ 1.7%, չորացրած մրգի՝ 11.2%, ընկույզի միջուկի՝ 14.5%, խաղողի՝ 18.6%, դեղձի 21.1% գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 0.6%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1%, նարնջի՝ 18.0%, կիտրոնի՝ 17.2%, նռան՝ 7.9%, տանձի` 6.4%, արքայանարնջի 4.8% գնանկում:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4%, հրուշակեղենի 0.8% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.5%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հավի բդի՝ 1.7%, տավարի մսի՝ 0.9%, ենթամսամթերքի 0.7% գնանկում:

Նույն շարքից