Առողջապահություն 

Նարդոսի յուղի օգտակար բուժական հատկությունները

analitik.am

Շրթնածաղկավորների ընտանիքի  բույս է, տարբերվում են 25-30 ենթատեսակ։ Բնական պայմաններում աճում է Միջերկրական ծովի ժայռոտ վայրերի կավաավազային լանջերին, Հնդկաստանում։ Հիմքից սկսած` խիտ ճյուղավորված է, ծեր ծաղկակիր ճյուղերը տարածված են անկյան տակ, նոր զարգացող երիտասարդ բազմաթիվ ցողուններն ուղղաձիգ են։ Տերևները նստադիր են` երկարավուն, նշտարաձև կամ գծային, թիթեղն ամբողջաեզր է։ Ունի մինչև 60 սմ բարձրության հասնող կիսաթփի տեսք։ Զարգացման շրջանում տերևի գույնը փոխվում է` սկզբից այն մոխրագույն է, հետո` կանաչ, տակի երեսից ծածկված է գեղձային մազիկներով։ 

Դեռ չբացված ծաղկաբույլերից ստանում են յուղ, որը մեծ քանակություններով օգտագործվում է օճառի և օծանելիքի արտադրության մեջ։ Բույսի լատիներեն (Lavandula) անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հին Հռոմում այն ավելացրել են լոգանքի ջրին` lavare-նշանակում է` լվացվել։ Տնտեսական-արտադրական նպատակներով մշակվում է Ֆրանսիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ուկրաինայում, Կրասնոդարի մարզում, Վրաստանում և այլուր։ 

Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկը, տերևը, ցողունը։ Հումքը մթերում են ծաղկման շրջանում, հյուսում ցողունները և չորացնում։ Ծաղիկներն ավելի մեծ քանակությամբ եթերային յուղ են պարունակում, դրանք կարելի է օգտագործել ծաղկելուց 7-10 օր անց։ Թարմ ծաղիկը պարունակում է` մինչև 1, իսկ չորը` 3 տոկոս եթերային յուղեր, նաև դաբաղանյութ, ֆլավոններ, ֆիտոստերոլներ, խեժեր, դառնանյութ, ուրսոլաթթու։ Բացի եթերային յուղից` բույսից ստանում են նաև կումարին և գերնիարին։ Նարդոսի յուղը կիրառվում է թարախային վերքերի, մաշկային հիվանդությունների, նևրալգիայի բուժման համար։ Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում` բուժում անքնությունից։ Ունի միզամուղ և մաղձը հեղուկացնող հատկություն։ Ծաղիկի թուրմը լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը։ Բուլղարները նարդոսի յուղով բուժում են պնևմոնիան, ռինիտը, լարինգիտը, կիրառում են ստոմատոլոգիայում։ Լայն կիրառություն ունի նաև նարդոսի մեղրը` նվազեցնում է գլխացավը, կիրառում են միգրենի, տախիկարդիայի, ականջի բորբոքման և աղմուկի բուժման ընթացքում, նվազեցնում է ոսկորների ցավը։ 

Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։ Կարելի է առանց բուսայուղի հետ խառնելու` քսել մաշկին։ Լավացնում է մարսողությունը, օգտակար է բրոնխների ասթմայի դեպքում։ Կախված ալերգիկ ռեակցիայի բնույթից` օգտագործվում է լոգանքի, թրջոցի, ինհալացիայի կամ լոսյոնի մեջ։ Անփոխարինելի միջոց է սթրեսի պատճառով առաջացած ալերգիկ ռեակցիայի դեպքում։ 

Նույն շարքից