Հոգեբանի անկյուն 

Մեր ծնողները միշտ պատրաստ են օգնել մեզ. Առակ տղայի և ծառի մասին

analitik.am

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն:


Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր:

 

Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

- Արի և խաղա ինձ հետ, – ասում է նրան ծառը:

 

- Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն, – պատասխանում է տղան, – ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:

- Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

 

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր:

 

Մի օր, տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

- Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:

- Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:

- Ներիր, բայց ես տուն չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

 

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերը և երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ:

 

Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

- Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:

 

- Ես արդեն մեծ եմ, – պատասխանում է տղամարդը, – ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:

- Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար, – ասում է ծառը, – դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

 

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում:

 

Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

- Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – ասում է ծառը, – իմ խնձորները վերջացել են:

- Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:

- Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:

- Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:

 

- Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – արցունքոտ աչքերով ասում է ծառը, – միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:

- Իսկ ինձ ավելին պետք էլ չէ, – պատասխանում է մարդը, – միայն մի լավ տեղ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:

 

- Շատ լավ, – ասում է ծառը, – իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր: Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:


Նույն շարքից