Հարցազրույց 

Մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև. ՀՀ Նախագահ

analitik.am

 Իտալական առաջատար «Corriere dela sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց: «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente) վերնագրով հարցազրույցում անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:


Ներկայացնում է հարցազրույցի տեքստը.


«Հայաստանի նախագահ Սարգսյան. Թուրքիայից ակնկալում ենք Ցեղասպանությունն իր անունով կոչել»


«Հայաստանի կենսական շահը», հաշվի առնելով դրա պատմության և աշխարհագրության առանձնահատկությունները, հիմնված է Արևելքի և Արևմուտքի հետ կառուցողական համագործակցության վրա: Ավելին, գերտերությունների հակասություններից օգտվելը վտանգավոր է փոքր երկրների համար: Մենք ինտենսիվ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ միասին հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում: Միևնույն ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում ենք դեպի կոնկրետ հարցերի լուծում»,-Վատիկան այցելության կապակցությամբ Հռոմում գտնվող Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն ասում է մեր թերթին: 

 

 - Կարո՞ղ եք որևէ կոնկրետ հարցի օրինակ բերել: 


-Երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև ընդունեց, Հայաստանը դեմ քվեարկեց: Ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել:  

 

-Բայց դա կարող է վտանգել միջազգային հավասարակշռությունը` հիմնված տարածքային ամբողջականության և առկա սահմանների անվտանգության վրա: 


-Գոյություն ունեն արժեքներ, որոնք խմբագրման ենթակա չեն: Հիշում եմ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան անվերապահորեն աջակցեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան անկախացան այդ նույն գործընթացի ժամանակ: Կնշանակի, որ մենք աջակցում ենք այս իրավունքի իրականացմանը միայն մե՞ծ տարածքային միավորների դեպքում, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, և ավելի փոքր տարածքների դեպքում՝ ո՞չ: Գանք ավելի մոտ՝ Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ:

 

 -Այսինքն, Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերություն չկա՞: 


-Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են:

 

-Սակայն, Ղրիմն իր իրավունքից օգտվելիս փաստորեն խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը…:


-Վերջին 40 տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է: Դա օբյեկտիվ գործընթաց է և զերծ բռնություններից: Հայկական խնդրի դեպքում մենք մերժում ենք բռնությունն ու խտրականությունը, որ ցուցաբերվում է հազարամյակներ շարունակ իր տարածքում ապրող ժողովրդի դեմ: Եվ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնությունը կանխելու համար: Ի վերջո, ի՞նչ են խնդրում մարդիկ, եթե ոչ ապրել ու բարգավաճել մի տարածքում, որտեղ ապրում են հազարավոր տարիներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա անջատվելու պահանջի անհրաժեշտություն չէր լինի: 

 

-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:

-Երկար բանակցությունները հանգեցրին կարևոր արդյունքների` կարգավորման շրջանակ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա. ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի մերժում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում: Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը մեզ դեռ հեռու է թվում:

 

 -Նկատի ունե՞ք Twitter-ով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքը:


-Այո, բայց ոչ միայն: Ադրբեջանը, պարբերաբար խախտելով հրադադարը, ավելին է անում, քան Twetter-ն է:

 

-Ի՞նչ դեր ունի Թուրքիան:


-Ոչ դրական: Անկարան պաշտպանում, աջակցում և հանդես է գալիս Ադրբեջանի դիրքերից:

 

- Ի լրումն կա նաև Հայոց ցեղասպանության հարցը, որի 100-ամյակը կոգեկոչվի 2015-ին, և որը Թուրքիան շարունակում է մերժել: Երբևիցե կփոխի՞ իր այդ դիրքորոշումը:


-Ես լավատես եմ այն հարցում, որ թուրքական կառավարությունը մի օր կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Որովհետև տարեցտարի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են այդ հանցագործության մասին և տեղյակ են, որ տեղի ունեցածում հայերն իրենց չեն մեղադրում: Ցեղասպանության համար մենք մեղադրում ենք նրանց, ովքեր Թուրքիայում կառավարում էին 1915 թվականին, ինչի համար պատասխանատվությունը ճանաչվել է թուրքական դատարանի կողմից: Համենայնդեպս, 100-ամյակի հիշատակման արարողությանը մասնակցելու համար ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա:

 

-Ի՞նչ դեր կարող է Հայաստանն ունենալ Մեծ Մերձավոր Արևելքի ճգնաժամում, մասնավորապես, Իսլամական պետության /ISIS/ դեմ պայքարում:


-Մեծ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը՝մասնավորապես ԱՄՆ-ին: Իրաքում և Սիրիայում կային մեծ և կենսունակ հայկական համայնքներ, որոնք լինելով քրիստոնյա՝ երկար տարիներ այդտեղ ներդաշնակ ապրել են մուսուլմանների հետ: Այժմ այդ տարածաշրջանում մենք ականատես ենք դառնում քրիստոնեական մշակութային ժառանգության աստիճանական ոչնչացմանը: Հայկական եկեղեցիների և հուշարձանների ավերման մասին նորությունները բացում են մեր վերքը: Մենք փոքր երկիր ենք, սակայն տարածաշրջանի կայունացմանն ուղղված մեծ կոալիցիաների ջանքերը Հայաստանի կառավարության կողմից միշտ դրական են ընդունվել: Բացի այդ, հայկական համայնքների առկայությունն այդ տարածքներում մեզ ավելի զգայուն է դարձնում: Իրաքից և Աֆղանստանից հետո հոկտեմբերի վերջին նախատեսված է հայկական խաղաղապահ զորախմբի տեղակայում Լիբանանում` ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո»:



Թարգմանությոնը՝ Panorama.am-ի 

Նույն շարքից