Մամուլի ակումբ 

Մեղադրական եզրակացությունը լղոզված է և չի հիմնավորում Զադոյանի մեղքը. փաստաբան

analitik.am

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և ամբաստանյալ, նույն  մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատական գործի շրջանակներում կազմված մեղադրական եզրակացությունը չի հիմնավորում Ա. Զադոյանի մեղքը: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին նման հայտարարություն արեց Ա. Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ հավելելով, որ եզարակացությունը լղոզված էր:


Փաստաբանը նշեց, որ գործը 5 տարի կասեցված է եղել: Այն վերաբացվել է իրենց բողոքների արդյունքում: Այնուհետև ևս երկու հոդված են առաջադրել իր պաշտպանյալին՝ ապօրինի զենք զինամթերք կրելը և կյանքին սպառնալիք տալը։ Երկու նոր հոդվածն էլ, ըստ փաստաբանի,  գործի նյութերով այդպես էլ չեն ապացուցվել։


Ըստ նրա՝ անգամ փորձարարություն չի կատարվել, թե արդյոք Ա. Զադոյանը կարող էր գուլպայի մեջ դնել ատրճանակ, վազել, ինչը ևս, ըստ փաստաբանի, կոպիտ խախտում է համարվում նախաքննության ընթացքում։ Դեպքի օրը Զադոյանի հագին եղած գուլպաները չեն առգրավվել:


Ս. Սարգսյանի խոսքով՝ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել: «Դատավորը ոչ մի կերպ չարձագանքեց Կ. Կարապետյանի վարքին, ոչ նրա վարորդի ցուցմունքի ժամանակ նրա միջամտելուն, և նրա կողմից դատարանում հնչեցված սպառնալիքներին»,- ասաց փաստաբանը։


Ս. Սարգսյանը նաև նշեց, որ դեպքի վայրի զննության արձանագրությունից բացակայում են ավտոմեքենայի ներսում արված նկարները, նաև  մեքենայի համարները, իսկ հեռախոսազրույցների վերծանումները կիսատ են։ Ըստ փաստաբանի՝ քննիչը համոզվել է, որ ոչ մի պարագայում գուլպայի մեջ դրված վիճակում զենքը չի մնում, այդ պատճառով  էլ փորձարարություն չի արել։


Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և  տվել սպանության սպառնալիքներ:  Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:


Այս գործով հաջորդ դատական  նիստը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին:


Նույն շարքից