Հարցազրույց 

Մայիսի 3-ին ռինգ եմ դուրս գալու հաղթանակի համար. Արթուր Աբրահամ

analitik.am

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):



Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ներկայացնում ենք Արթուր Աբրահամի բացառիկ հարցազրույցը  Analitik.am-ին.



-Վերջերս տարած հաղթանակից հետո հիմա ինչո՞վ եք զբաղված, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:



-Ներկայում ամենօրյա մարզումների մեջ եմ Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում, պատրաստվում եմ իմ առաջիկա մենամարտին` աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը, որը կայանալու է մայիսի 3-ին, Բեռլինում: Մրցակիցս Մոնտենեգրոն ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է, դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, ակնհայտ է, որ նա ուժեղ, պայքարող մարզիկ է: Չեմ թերագնահատում նրան, բայց մայիսի 3-ին ես ռինգ եմ դուրս գալու հաղթելու համար:

Իր մարզչի` ՈՒլլի Վեգների հետ




-Փետրվարին Հայաստանում ընթացող բռնցքամարտի առաջնությանը հետևո՞ւմ էիք, ի՞նչ թերություններ ու առավելություններ նկատեցիք երիտասարդ բռնցքամարտիկների մոտ:



-Այո, միշտ հետևում եմ հայաստանյան իրադարձություններին: Հայ բռնցքամարտիկների մասին արդեն բազմաթիվ անգամ ասել եմ, որ ունենք ուժեղ մարզիկներ, նրանցից շատերը խոստումնալից ապագա ունեն և կարող են մեծ արդյունքների հասնել, եթե դուրս գան, բազմաթիվ մրցումների մասնակցեն, հաղթեն և այդպես կերտեն իրենց ուղին:



-Ապագայում հնարավոր է արդյո՞ք բռնցքամարտի Ձեր դպրոցը տեսնենք Հայաստանում:



-Նախատեսել եմ կարիերայիս ավարտից հետո իմ ծննդավայրում` Երևանի Ներքին Չարբախ թաղամասում, հիմնել դպրոց, որը պարզապես մարզադպրոց չի լինի, այլ մշակույթի կենտրոն, ուր սաները կսովորեն նաև արվեստ, մշակույթ, օտար լեզուներ: Եվ այդ դպրոցում կսովորեն ոչ միայն տղաներ, այլև աղջիկներ:


-Ի՞նչ միջավայրում նշեցիք Սուրբ Զատիկը, և տոներն առհասարակ որտե՞ղ եք սիրում նշել:


-Քանի որ մարզումների մեջ եմ, հետևաբար այս Հարության տոնն անցավ պարապմունքների մեջ` մարզաակումբի մարզիկների և մարզիչների հետ: Իսկ առհասարակ սիրում եմ տոները նշեն այնպես, ինչպես ընդունված է մեզ` հայերիս մոտ` հարազատների հետ, ընկերական, բարեկամական միջավայրում, տոնական տրամադրությամբ, տոնական սեղանների շուրջ: -Երկրպագուհիներին շատ կհետաքրքրի՝ Արթուրն արդեն գտել է իր կեսին, թե՞ ոչ: -Այդ հարցով շատ ուժեղ աշխատանք է տարվում…

Առաջիկա մրցակցի` Նիկոլա Սյեկլոցայի հետ






-Երբ ունենաք արու զավակ՝ կցանկանա՞ք, որ նա շարունակի Ձեր ուղին:



-Անկեղծ ասած, չէի ցանկանա: Բայց եթե մեծանա և ինքնակամ սկսի բռնցքամարտով զբաղվել, ես դեմ չեմ լինի:




Արմինե Բրսոյան

Նույն շարքից