Միջազգային 

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման գծով առաքելությունը Ադրբեջան վերադառնալու համար երաշխիքներ է պահանջում

analitik.am

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեն վերստին Բաքու վերադառնալու համար երաշխիքներ է պահանջել Ադրբեջանից:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական կայքում:

 

Նշվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի առաքելությունն Ադրբեջան իր այցն ընդհատել է գործունեության իրագործման համար ադրբեջանական իշխանությունների կողմից խոչընդոտների հարուցման պատճառով:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունից համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի առաքելությունը կարող է Բաքու վերադառնալ եկող տարի: Այցի ժամկետների մասին չի հաղորդվում:

 

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի գործունեությունն ուղղված է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների կանխարգելմանն ու պատժելուն: 

Նույն շարքից