Իրավական 

Մ. Պողոսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել արտասահմանյան գործընկեր ծառայությունների ներկայացուցիչների հետ

analitik.am

Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

 

Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահի կողմից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կրկին շնորհակալություն հայտնվեց սույն թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար: Նա հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:

 

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրեց հաջորդ տարի այցելելու Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ և տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեությանն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

Նույն շարքից