Հիշում եմ և պահանջում 

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչներին

analitik.am

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այցելել է Սուրբ Թերեզա, Սուրբ Կարապետ, Սուրբ Հակոբ, ինչպես նաև Հայ Ավետարանական եկեղեցիներ, «Լևոն և Սոֆի Հակոբյան», «Ճենազյան», «Գալփաքյան» և «Զավարյան» վարժարաններ, աշակերտերի և մանկավարժների հետ քննարկել հայկական դպրոցների հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:



Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեում հանդիպել է կոմիտեի ներկայացուցիչներին: Նրանք ՀՀ սփյուռքի նախարարին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում համայնքում տարվող աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքը: Խոսվել է հունահայ համայնքի նեկա խնդիրների, համայնքում գործող կառույցների և ազգային, քաղաքական, լրատվական, բարեսիրական, մշակութային և մարմնակրթական ոլորտներում նրանց ծավալած աշխատանքների մասին:



Դեկտեմբերի 19-ին Հրանուշ Հակոբյանը Նոր Զմյուռնիայի «Լեոնտիո» վարժարանի ամֆիթատրոնում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպանության, Համազգային հայ կրթական և մշակութային միության շրջանային վարչության, ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժների համագործակցությամբ կազմակերպված Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացմանը:



Ողջունելով լեփ-լեցուն դահլիճում հավաքված հայ հանդիսատեսին և միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ասել է. «Այս տարի ազգովի նշեցինք ԿոմիտասՎարդապետի ծննդյան 145-ամյակը: Մենք ծանոթ ենք Կոմիտասիստեղծագործություններին քառաձայն երգչախմբերի կատարմամբ: Սակայն այսօրբոլորովին այլ Կոմիտաս պիտի ունկնդրենք: Կոմիտասը կարող է նաև ժամանակակից ևմաքուր, երիտասարդների սրտից խոսող հնչեղություն ունենալ»:


ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձել է Սփյուռքի մարտահրավերներին, նշել, որ հայ մշակույթի և մշակութային մեր ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև ազգային միասնությունն ու մեր համազգային արժեքների գերակայությունը իմաստավորվում են հենց այսօրինակ նախաձեռնություններով:



ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի բեմականացմամբ, երգիչներ Ռուսլան Էլեազյանի, Անուշ Բադալյանի, Գրիգոր Կեոկչյանի, Միլենա Մելիքյանի և Նարե Գրիգորյանի կատարմամբ ներկայացվել են Կոմիտաս Վարդապետի քսանմեկ ստեղծագործություններ:



Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Երգի պետական թատրոնի ներկայացումը եզակի առիթ էր՝ ներկայացնելու կոմիտասյան երգերի գեղեցիկ համադրություն՝ ջազային և դասական մշակումներով: «Ազատ օր» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին՝ միջոցառման կազմակերպման և նմանօրինակ նախաձեռնություններով հայրենիք-սփյուռք գործակցությունը խթանելու համար: Նա նշել է, որ մշակութային առիթներն ավելի են զորացնում Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ջանքերը:



Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպումներ է ունեցել ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանձնախմբի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով համայնքում կատարած հայապահպանական գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել հունահայ բժիշկ, հունահայոց ազգային վարչության նախկին ատենապետ դոկտոր Արմեն Տերյանին:



Այցի շրջանակներում նախարարը հարցազրույցներ է տվել «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Հայաստան» և «Արմենիկա» պարբերականներին:


Դեկտեմբերի 20-ին նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

Նույն շարքից