Հարցազրույց 

Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա չափավորել մեր հարևանի «զինվելու մոլուցքը». Սեյրան Օհանյան

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Regnum գործակալությանն ու խոսել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի թեմայի շուրջ:



 

Նախարարը նշել է, թե դա չափազանց նուրբ հարց է մեզ համար:

 

«Մի կողմից մենք գիտակցում ենք, որ ցանկացած պետություն իրավունք ունի զենքի առևտրով զբաղվելու, սակայն նաև գիտակցում ենք, որ ռազմավարական գործընկերոջ շահերն ու մտավախությունները ևս պետք է հաշվի առնվեն: Հուսով եմ, որ մեր ռուս գործընկերները հետևում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն ու փորձում են չափավորել մեր հարևանի «զինվելու մոլուցքը»»,-ասել է Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի խախտման դեպքերի մասին ու անդրադարձել լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին:

 

Նա նշել է, որ լայնամասշտաբ գործողություննների վերսկսման հավանականությունը չի կարելի  անտեսել, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական խաղաղության համաձայնագրի չեն հասել:

 



«Հայկական կողմը հետևել է 1994 թվականից ուժի մեջ մտած հրադադարի պայմանին: Իրավիճակը կտրուկ վատացավ 2014 թվականի ամռանն ու շարունակվում է այս տարի»,- ասել է նախարարն ու հիշեցրել անցյալ տարվա նոյեմբերին ուսումնավարժական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ բացվող կրակը՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, դիպուկահարների կողմից բնակիչների վրա կրակ բացելու դեպքերը: Նման դեպքերին հայկական կողմը պատասխանում է:

 



Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:

 

«Կարո՞ղ են արդյոք մեր գործողությունները հանգստացնել հակառակորդին և նրան կառուցողական հարթություն բերել, թե՞ ավելի կմոտեցնեն մեզ լայնամասշտաբ գործողություններին: Հավանաբար դա ոչ ոք չգիտի»,-ասել է նա:

 

Պատասխանելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանի և կամ Լեռնային Ղարաբաղի կողմից Ռուսաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ նա նշել է.  «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և երկիրն իրավականորեն ամրագրված պարտավորություններ ունի մեր երկրի ռազմական անվտանգության հարցում: Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամ են և, համապատասխանաբար, փոխադարձ պարտավորություններ ունեն հավաքական անվտանգության և բազմակողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Հարցազրույցինն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ  այստեղ:


Նույն շարքից