Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ին ապօրինի շինություն «հայտնաբերեց»

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում  մասնակցեց վերակառուցված թիվ 5 ավագ դպրոցի բացման արարողությանը, ինչի ժամանակ ապօրինի շինություն «հայտնաբերեց» դպրոցի մուտքի մոտ:

«Էս ինչի՞ համար են սարքել: Սա ի՞նչ շինություն է: Օրինակա՞ն է սա: Ավելի ճիշտ կլինի քանդենք սա, դպրոցը երեւա նորմալ: Մի հատ մտածենք էդ մասին»,-ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանին դպրոցում դիմավորեցին աղուհացով, որտեղ նա գիտելիքի օրվա առիթով շնորհավորեց դպրոցի բակում հավաքված ուսուցիչներին ու աշակերտներին:

Վարչապետին ուղեկցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որոնք նրա հետ շրջեցին դպրոցում, ծանոթացան դասասենյակներին:

«Իմ միակ ցանկությունն այն է, որ մենք ապագայում մեր բոլոր քաղաքներում ու գյուղերում նման  դպրոցներ ունենանք: Դա շատ կնպաստի մեր ապագա սերնդի՝ ավելի լավ գիտելիքներ ստանալուն: Ես համոզված եմ, որ  Հայաստանի հանրապետության, Արցախի հանրապետության ապագան լավ գիտելիք ունեցող սերունդ դաստիարակելն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը դպրոցի բակում լուսանկարվեց աշակերտուհիներից մեկի հետ: Նա  աշակերտներին հորդորեց նոր ուսումնական տարում նորակառույց դպրոցում լավ սովորել: 

Նույն շարքից