Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հարցազրույց տվել

analitik.am

Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է  «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների /«Աչիկ» ռադիո/, /«Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայություն/, /«Հաբերթուրք» լրատվական/, /«Զաման» օրաթերթ/, /«Ալթյազի կինոամսագիր»/, /«Ակոս» շաբաթաթերթ/, /«Միլլեթ» օրաթերթ/, մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողներին, հիմնադրամի ներկայացուցիչներին և պատասխանել նրանց հարցերին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ողջունել է հյուրերին, մասնավորապես նշելով. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս մշակութային լրագրությանը, քանի որ մեր կատարած աշխատանքների արդյունքի ներկայացումը կախված է նաև ձեզանից: Կարևոր եմ համարում նաև երկու երկրների լրագրողների փորձի փոխանակման նախաձեռնությունը»:

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի համակարգող Նայատ Կարակյոսեօղլուն նախ շնորհակալություն է հայտնել  հյուրընկալության համար, ապա ներկայացրել հիմնադրամի վերջին տարիներին իրականացրած աշխատանքները. հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագիրը գործում է 2009 թվականից, մինչ օրս յուրաքանչյուր երկրից 90 լրագրող հարևան երկիր այցելելու  և փորձի փոխանակման հնարավորություն է ունեցել: Հիմնադրամի յուրաքնաչյուր այց համընկնում է տվյալ երկրում որևէ նշանակլից միջոցառման հետ: Այս տարի Երևանի այցը համընկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքի հետ: «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ծրագրի համակարգողը, որպես իրենց աշխատանքի կարևոր ձեռքբերում, առանձնացրել է Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների տարածմանը միտված քայլերը, որոնք ուղղված են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու բարելավմանը: Ըստ նրա, հեռանկարում կա Հայաստան-Թուրքիա-Եվրոպա եռակողմ մշակութային ծրագրեր:

Նայատ Կարակյոսեօղլուն խոսել է նաև 2010 թ. հրատարակված «Արևմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները» գրքի մասին, որը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայազգի ճարտարապետների ստեղծած կոթողները: Դրանք ոչ միայն բնակելի շենքեր, այլև պալատներ, մզկիթներ են, որոնք այսօր Ստամբուլի ճարտարապետական դիմագիծն են: Գիրքը ներկայացվել է Ստամբուլի տարբեր թանգարաններում 2010 թվականին, երբ քաղաքը հռչակվել էրԵվրոպայի մշակութային մայրաքաղաք: Գիրքը ներկայացվել է նաև Հայաստանում:

Նայատ Կարակյոսեօղլուն ներկայացրել է նաև  Թուրքիայում հայերի ունեցվածքի բռնագրավմանը նվիրված մի աշխատություն, որը հրատարակվել է 2012 թվականին:

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի մյուս համակարգող՝ Նանե Մալեք-Ստանիանսն էլ ներկայացրել է 2011 թվականին սփյուռքահայ, թուրք կամավորների կողմից Հաբաբ գյուղի աղբյուրների վերանորոգման աշխատանքները և նշել, որ ստեղծվել է այդ մասին պատմող ֆիլմ:

 Զրույցի ընթացքում ծրագրի համակարգողները հավելել են, որ իրենց այցի առիթն այս անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամին` ներկայացված հետաքրքիր տեղեկությունների  համար և նշել, որ. «Մեր երկիր այցելելու համար պետք չէ հատուկ առիթներ փնտրել: Հայաստանը բաց է բոլորի առջև»:

Ապա լրագրողները մշակույթի նախարարին ուղղել են իրենց հարցերը.

Վիլդան Այ /«Հաբերթուրք» լրատվական/.- Ո՞րն էնախարարության քաղաքականությունը Թուրքիայում/Անատոլիայում հայկական մշակութային ժառանգությանվերաբերյալԿա՞ն արդյոք տեղեկատվական թերթոններ/ռեսուրսներ/գույքագրում այդ մասին Հայաստանիքաղաքացիներին տեղեկացնելու համարԿա՞ն արդյոքնախաձեռնություններգործադրվում են ջանքեր կամիրականացվում են նախագծեր Թուրքիայի հետ համատեղվերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: 

Հասմիկ Պողոսյան.- Ըստ էության Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, բնականաբար չեն կարող լինել նաև պաշտոնական հարաբերություններ մշակույթի ոլորտի լիազոր մարմինների միջև: Սակայն Թուրքիայում կա հայկական պատմամշակութային ժառանգություն, որի ուսումնասիրման, պահպանման խնդիրները շատ կարևոր են հայկական կողմի համար: Մենք ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայ և թուրք մասնագետների, հետազոտողների, գիտնականների միջև համատեղ ուսումնասիրությունների իրականացմանը: Ցավոք, այդ դեպքերն առայժմ եզակի են, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք զարգանալու են և, բնական է, որ Հայաստանը շահագրգռված է այդ համագործակցությամբ: Որպես դրական օրինակ ուզում են նշել վերջերս Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից  ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ուղղած դիմումը, որը վերաբերում է Անիի վերականգնմանը: Դուք գիտեք, որ Թուրքիան 2012 թվականին նախաձեռնել էր Անին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերի մեջ ներգրավվելու գործընթացը և այն մասնագիտորեն ուսումնասիրելու համար թուրքական կողմը մեզանից միջնադարյան հայ ճարտարապետության 3 մասնագետ է խնդրել: Մենք, բնականաբար, սիրով կընդառաջենք և մեր մասնագետներն անշուշտ կմասնակցեն այդ  գործընթացին: Կարծում եմ, որ նման օրինակներ հետագայում էլի կլինեն: Համատեղ աշխատելու այդ սկզբունքը մենք կիրառում ենք այն երկրների հետ, որտեղ կա հայկական պատմամշակութային ժառանգություն: Ուզում եմ հատուկ նշել Իրանի օրինակը: Մի քանի տարի առաջ իրանական կողմը նախաձեռնել է հայկական վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության ցանկում ընդգրկելու գործընթացը: Այսօր այն ոչ միայն իրականություն է, այլև շարունակական գործընթաց. պարբերաբար ձևավորվում են նոր հայտեր Իրանի տարածքում գտնվող հայկական համալիրների վերոնշյալ ցանկերում ընդգրկելու նպատակով: Նաև հավելեմ, որ այսօր Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը լավ է պահպանվում: Կարծում եմ, որ մի օր այդպիսի գործընթաց կլինի նաև Թուրքիայում: Իմ կարծիքով կարևոր հանգամանք է, որ և Հայաստանը, և Թուրքիան միացել են «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» և «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիաներին: Դրանք անդամ երկրներին պարտավորեցնում են պահպանել իրենց տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգությունը:

Բուրջու Կարաքաշ /«Միլլեթ» օրաթերթ/.- Թուրքիայիհասարակության մեջ ավելի է մեծանում հետաքրքրությունըՀայաստանի նկատմամբՀայաստանի մասին իմանալու համարԹուրքիայից ավելի շատ մարդիկ են այժմ ճանապարհորդում,քան առաջԱրդյո՞ք կան որևէ մշակութային և տուրիստականտեղեկատվական աղբյուրներ կամ կայքերորոնցից կարող ենօգտվել Թուրքիայի քաղաքացիներըՈ՞րն է մշակույթինախարարության ասելիքը կամ դերն այս հարցի վերաբերյալ:  

Հասմիկ Պողոսյան.- Մշակույթի նախարարության գործառույթը զբոսաշրջիկների համար համպատասխան միջավայրի ստեղծելն է. պատմամշակութային ժառանգության վերականգնումը, դրանք հասարակության համար մատչելի դարձնելը և այլն: Զբոսաշրջության զարգացումը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և բազմաթիվ մասնավոր ընկերությունների գործառույթն է: Պահանջարկից ելնելով, նրանք զարգացնում են զբոսաշրջության այս կամ այն ուղղությունը՝ տեղեկատվական փաթեթներ կազմելիս հաշվի առնելով բազմալեզու զբոսաշրջիկների հանգամանքը: Ավելի քան վստահ եմ, որ պահանջարկի դեպքում այդ նյութերը կստեղծվեն: Միևնույն ժամանակ չեմ կարծում եմ, որ այսօր՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում խնդիր է Հայաստանի մասին տեղեկություններ ստանալը: Իհարկե, պետք է անպայման այցելել Հայաստան: Իսկ դուք, որպես մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողներ և ձեր աչքերով մեր երկիրը տեսած հյուրեր, պետք է հորդորեք, որպեսզի մարդիկ գան Հայաստան:

Սենեմ Այթաչ /«Ալթյազի կինոամսագիր»/.- Ո՞րն էնախարարության դերը «Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնի կայացման գործումԱրդյո՞ք նախարարություննունի կապեր սփյուռքի ռեժիսորների հետԿա՞ն արդյոքսփյուռքահայ ռեժիսորների հետ համագործակցության ևհամատեղ նախագծերի իրականացման օրինակներ: 

Հասմիկ Պողոսյան.- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Հայաստանի ամենակարևոր մշակութային իրադարձություններից է: Իսկ այս դեպքում պետությունն ուղղակի չի կարող իր դերակատարությունը չունենալ: Փառատոնը ֆինանսավորողներից առաջինը հենց պետությունն է: Սակայն «Ոսկե ծիրանի» առավելությունն այն է, որ պետությունից բացի, այսօր այն բազմաթիվ այլ աջակիցներ և գործընկերներ ունի, ինչը թույլ է տալիս անընդհատ նոր ձևաչափեր ստեղծել. «Հայ-թուրքական կինոպլատֆորմ», «Ռեժիսորներ առանց սահմանների», «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» և այլ ծրագրեր: Բնականաբար, այդ ձևաչափերը հնարավորություն են ստեղծել ընդգրկել կինոգործիչների տաղանդավոր ներուժը: Մասնավորապես, հայ-թուրքական կինոպլատֆորմին այս տարի մասնակցել են 5 ռեժիսոր Հայաստանից և 5-ը՝ Թուրքիայից: Մինչ օրս, հայ-թուրքական կինոպլատֆորմի 15 նախագիծ է իրականացվել: «Հայկական համայնապատկերը» բացառապես հայազգի ռեժիսորների համար է, ծրագրին մասնակցում են նաև կինոգործիչներ սփյուռքից: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի մի շարք ֆիլմեր են նկարահանվում, որին մասնակցում են սփյուռքահայ արվեստագետներ, օրինակ, անցած տարի էկրան է բարձրացել ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը` Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Ֆրանսիա համատեղ արտադրությամբ:

Ֆետուլլահ Էրկան Էմրե /«Զաման» օրաթերթ/.- Կարո՞ղ եք տալՀայաստանում մշակութային և հնէաբանական ժառանգությանհակիրճ նկարագրությունԿա՞ն արդյոք ընթացիկ կամավարտված պեղումներ և գտածոներԱրդյո՞ք Հայաստանում կամահմեդական մշակույթին վերաբերող որևէ մշակութային ևհնէաբանական ժառանգություն: 

Հասմիկ Պողոսյան.- Հայաստանը կարծես մշտապես պեղվող մի երկիր է, որտեղ պեղումների ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը: Հողային և քաղաքաշինական աշխատանքների ընթացքում հաճախ է պեղումներ կատարելու անհրաժեշտություն առաջանում: Դժվար է պատկերացնել, թե որտեղ հնագիտական շերտ գոյություն չունի, այն գրեթե ամենուր է: Ներկայում միայն հնագիտության և ազգագրության ինստիտուտում 16 համատեղ արշավախմբեր են աշխատում. հայ-գերմանական արշավախումբը ուսումնասիրում է հայկական ժայռապատկերները, հայ-ամերիկյանը՝ բրոնզեդարյա հուշարձանները և այլն: Հասկանալի է, որ պեղումները մեկ-երկու տարվա գործընթաց չեն: Կան նաև մահմեդական մշակույթին վերաբերող հնավայրեր: Երբ դրանք հայտնաբերվում են, բնականաբար վերականգնվում են կամ ամրակայվում՝ ներկայացվելով հանրությանը: Օրինակ, Երևանի կենտրոնական փողոցներից մեկի շենքի նկուղային հատվածում հայտնաբերվել է 1317 թվականի մոնղոլական դամբարան, իսկ Մաշտոցի պողոտայում, որը ևս քաղաքի կենտրոնական հատվածն է, մշտապես գործող վերականգնված և այցելուների համար բաց իրանական մզկիթ կա: Ի դեպ, Հայաստանը նախաձեռնել է մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանության ցանկում ընդգրկելու գործընթացը: Երևանին հարող համայնքներից մեկում էլ, որը հեռու չէ մայրաքաղաքից, պահպանվել է 14-15-րդ դարերի թուրքմենական դամբարան: Վերջին տարիներին թուրքմենական դամբարաններ են հայտնաբերվել նաև երկրի հարավային շրջաններում. օրինակ Խնձորեսկ և Կոռնիձոր գյուղերի միջակայքում: Այս թվարկումը կարելի է շարունակել: Բնականաբար այդ ժառանգության նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչպես և հայկական կամ այլ մշակույթների նկատմամբ:

Մելիս Բեհիլ /«Աչիկ» ռադիո/.- Ո՞րն է կինոյի ոլորտին վերաբերողպետական քաղաքականությունըԱրդյո՞ք կառավարությունն ունիիր կինոկենտրոնը/ֆիլմերի արխիվըԻ՞նչ տեսակի ֆինանսականկամ կազմակերպչական աջակցություն է տրամադրումպետությունը կինոարտադրողների ֆիլմերի տարածման համար (դիստրիբյուցիացուցադրում և այլն): 

Հասմիկ Պողոսյան.- Սահմանափակ շուկա ունեցող երկրների համար դժվար է միանգամից ասել, թե կինոյի ոլորտում մշակութային քաղաքականությունն ինչ ուղղությամբ պետք է զարգանա. խնդիրները պայմանավորված են լեզվական և այլ բաղադրիչներով: Մենք չունենք հստակ օրենք կինոյի մասին, բայց միացել ենք բոլոր այն կոնվենցիաներին, որոնք վերաբերում են ոլորտին կամ կինոյի մասին դրույթներ են պարունակում: Նախաձեռնել ենք Եվրիմաժ կազմակերպությանը անդամակցելու գործընթացը՝ անցել ենք հաստատման առաջին փուլը: Միևնույն ժամանակ կնքել ենք տարբեր երկրների հետ համատեղ կինոարտադրության երկկողմ պայմանագրեր, որոնք մեծապես նպաստում են կինոարտադրության զարգացմանը: Բայց անկախ ամեն ինչից մեր կինոոլորտը զարգանում է բոլոր ուղղություններով: Մենք Հայաստանում ստեղծել ենք կինոյի բոլոր ժանրերը ներկայացնող հարթակներ. «Հայակ» ազգային մրցանակաբաշխությունը, որը ամփոփում է մեր տարեկան բոլոր արդյունքները, «Ոսկե ծիրանը», «Ռեանիմանիան», ուսանողական «Ես եմ-ը» և այլ փառատոներ: Դեբյուտային, վավերագրական, անիմացիոն, գեղարվեստական ֆիլմերը պետության կողմից ստանում են առանձին աջակցություն: Մշտական խնդիրն այն է, որ անկախ ցանկացած տեսակի աջակցությունից, կինոարտադրողները լիարժեք բավարարված չեն լինում ներդրումների չափերից: Կարծում եմ, պատկերը նույնն է բոլոր երկրներում: Դրական է նաև այն, որ մասնավոր հատվածը լրջորեն ներգրաված է կինոարտադրության գործընթացում: Այսօր առավոտյան մենք քննարկում էինք կինոյի մասին օրենքի դրույթներ, կարծում եմ այն շուտով կհամալրի Հայաստանի մշակութային օրենսդրությունը՝ կանոնակարգելով ոլորտի պետական քաղաքականությունը:

 

Հանդիպման ավարտին «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի համակարգող Աննա Եղոյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսելով մշակույթի տարբեր ոլորտներում (երաժշտարվեստ, թատրոն, կինո, գրականություն) հասարակական կազմակերությունների իրականացրած համագործակցության մասին, անդրադառձել է 2012 թվականից Երևանում անցկացվող «ԱրմԲուքԷքսպո» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվում են Հայաստանին, հայերին, Հայոց պատմությանն ու գրականությանը վերաբերող գրքեր՝ տարբեր լեզուներով և աշխարհի բազմաթիվ երկրներում տպագրված, այդ թվում նաև՝ Թուրքիայում: Նախարար Հ. Պողոսյանն առաջարկել է ակտիվորեն մասնակցել 2015 թվականին Երևանում անցկացվելիք «ԱրմԲուքԷքսպո» միջազգային 2-րդ ցուցահանդեսին, նշելով. «Դա ևս մեկ միջոց է հանրությանը ներկայացնելու գոյություն ունեցող մշակութային հարաբերությունները և հուսով եմ, որ հաջորդ տարի ևս կհանդիպենք Հայաստանում»:

Նույն շարքից