Բիզնես 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:


Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ`նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան:


Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին`նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող են ընթանում:


Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջինտարիների ձեռքբերումները` միաժամանակ նշելով լուծումներ պահանջող հիմնահարցերը, մասնավորապես, տեղական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղացիական միությունների և կոոպերատիվների ձևավորման, վերամշակող արդյունաբերության արդիականացման և բնական աղետների դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցների ներդրման անհրաժեշտությունը:


Դեսպանն իր հերթին նշեց, որ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ երկկողմ համագործակցության տեսանկյունից պետական մակարդակով և մասնավոր հատվածում գրանցվել են զգալի հաջողություններ:


Դեսպանը հաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: Այդ կապակցությամբ նա նաև տեղեկացրեց, որ 201 5 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան` համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով:


Հաշվի առնելով առկա ներուժը` կողմերը մեկ անգամ ևս հաստատեցին, որ գյուղատնտեսության բնագավառը երկու երկրների համար գրավիչ է համագործակցության տեսանկյունից և անհրաժեշտ են երկկողմ ջանքեր այն առավել ակտիվացնելու համար:


Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրեց դեսպանին փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը 2015թվականին Հայաստան այցելելու հրավերը:

 


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից