Բիզնես 

Հանրապետությունում ծառայությունների ոլորտում գրանցվել է 2.2% գնաճ. ԱՎԾ

analitik.am

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ, ինչը բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 4.3% հավելաճի արդյունք է՝ պայմանավորված 2014թ. օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 11.1%: Վերոհիշյալ ծառայությունը սպառողական զամբյուղում ունենալով 4.75% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակի աճին 0.53 տոկոսային կետով:

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.1%, բուժսպասարկման՝ 0.5%, հանգստի կազմակերպման՝ 1.0%, տրանսպորտի՝ 1.1% (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 2.2% հավելաճով), հանրային սննդի` 1.5% ծառայությունների սակագների հավելաճ:

Դրան զուգընթաց, կապի, իրավական ու բանկային ծառայությունների ոլորտներում արձանագրվել է սակագների 0.1% նվազում, իսկ կրթության համակարգի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.9-2.7% հավելաճ, ընդ որում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 2.3%-ով:

Նույն շարքից